Ֆինլանդիան գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշը: Սա` ըստ երջանկության համաշխարհային զեկույցի։ Երջանկության համաշխարհային զեկույցը տարեկան կազմվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման հանձնաժողովի կողմից:
Այն դիտարկում է աշխարհի 149 երկիր և հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն: Երջանկության համաշխարհային զեկույցն առաջին անգամ լույս է տեսել 2012 թվականին:
Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան նույնպես ներառված են տասը ամենաերջանիկ երկրների շարքում: ԱՄՆ-ը 14-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան ՝ 18-րդ, Ֆրանսիան ՝ 20-րդ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշներն ունեն Էստոնիան և Լիտվան. Նրանք համապատասխանաբար 28-րդ և 29-րդ տեղերում են, Ղրղզստանը`33-րդ, Լատվիան` 34-րդ, Ղազախստանը`36-րդ, Մոլդովան` 49-րդ, Ռուսաստանը` 60-րդ, Տաջիկստանը` 62-րդ, Ուկրաինան ՝ 69-րդ, Վրաստանը՝ 73-րդ:
Ըստ ՄԱԿ-ի՝ ամենադժբախտ երկրներն են Զիմբաբվեն (վարկանիշի վերջին տեղում է) և Տանզանիան: