39 գարուն հազիվ բոլորած`
Թողիր աշխարհն ու լուռ հեռացար,
Ախր այնքան էիր դու կյանքով լեցուն ,
Այդքան անողոք ինչու՞ գտնվեցար…
Հունվարի 19-ին Ջրօրհնենքի օրը ողբերգական պատահարով ավարտվեց մեր կողմից այնքան սիրված ու հարգված,վառ ու կենսուրախ մի անհատականության երկրային կյանքի ուղին,ով իր գիտակցական կյանքում ստեղծել ու արարել է անդուլ աշխատանքով ու անբասիր նվիրումով ,ապրել արժանապատիվ ,ապավինելով մարդկային վեհ ու առաքինի սկզբունքներին: Հանդարտվեց ըմբոստ հոգին,մարեց խորաթափանց միտքը:
Ինչպես կասեր մեծն Թումանյանը`մնացին գործերը մնաց վառ հիշատակը:
Ֆլորա Բդոյանը ծնվել է 1981 թվականին ծառայողի ընտանիքում,ավարտել է քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցը:Կրթվել է Երևանի «Հայբուսակ»համալսարանում`ստանալով ատամնաբույժի որակավորում: Երեք տարի աշխատել է իր մասնագիտությամբ`սիրով ու հոգատարությամբ իր հիվանդների հանդեպ:
2007 թվականին ամուսնացել է Ֆլորան Էդուարդ Ջաղացպանյանի հետ: Նրանք ստեղծել են օրինակելի ընտանիք`հայեցի ակունքներով սնված,որտեղ ծնվել,սիրով և հոգատարությամբ շրջապատված դաստիարակվել են նրանց երկու սիրասուն բալիկները`Լիլիթն ու Տարիելը: Նրանք էլ աչք շոյող դաստիարակությամբ ու բարձր առաջադիմությամբ սովորում են թիվ 2 կրթարանում:
Իր աշխատանքային անմնացորդ նվիրումով ավելի քան 15 տարի Ֆլորա Բդոյան-Ջաղացպանյանը դասավանդել է քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցում`մատաղ սերնդին տալով գեղագիտական կրթություն,բացահայտելով արվեստի բնագավառի յուրատեսակ գաղտնիքները: Տարբեր փառատոներում նրա սաները արժանացել են պատվոգրերի և մրցանակների:Իր անկեղծ զգոն խառնվածքով,ջերմ ու ոգևորող վերաբերմունքով անջնջելի հետք է թողել իր կրթած սաների հոգիներում,արժանացել նրանց հարգանքին ու սիրուն:
2012 թվականից աշխատել է նաև ՀԱԿ-ում/ Հանրային առողջապահության կենտրոնում`որպես սանիտարական բժիշկ:Իսկ մինչ այդ դասախոսություններ է կարդացել Երևանի «Գրիգորիս» բժշկահումանիտար քոլեջի Նինոծմինդայի մասնաճյուղում`ատամնաբուժություն,քույրական գործ,սանիտարահիգիենիկ նորմատիվներ և այլ թեմաներով:
Այնքան ավյունով էր,այնքան ջերմեռանդ ու ոգևորված,պատվախնդիր և բարձր պատասխանատվությամբ օժտված …Ու կարծես նա երբեք չեր հոգնում: Նա այնքան լեցուն էր կյանքով,պոզիտիվ էներգիայով,որ սփռում էր շուրջբոլորն ու պարուրում նրանց դրական էմոցիաներով:
Այս վերջին շրջանում էլ`մինչև չարաբաստիկ դեպքի օրը աշխատում էր որպես բժիշկ համաճարակաբան`Նինոծմինդա-Բավրա մաքսատան համանաուն կենտրոնում: Որտեղ էլ աշխատել է մեր Ֆլորան`նվիրվել է անմնացորդ,դրսևորել է մարդկային վեհ ու առաքինի այնպիսի հատկանիշներ ,ինչպիսիք են`հասնել, օգնել,սատարել,լավություն անել,բարիություն ցփնել…
Եվ այդ ամենը զուգակցում էր իր վառ ու յուրահատուկ ժպիտով,բարի խորհուրդներով,անզուգական հումորի բարձր զգացումով:
Ապրեց Ֆլորան ավաղ 39 գարուն,բայց և բովանդակալից կյանքով,ստեղծելու,արարելու,անբեկանելի ձգտումով,բարի համբավով ու արժանապատիվ:
Ավաղ մենք մահկանացուներս ի զորու չենք ազդելու նախախնամության վրա,ակամա ստիպված ենք հաշտվել անողոք ճակատագրի ու դառն իրականության հետ:
Սիրելի Ֆլորա ,քո անմար հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
Հավերժ խաղաղություն քեզ:Հոգիդ թող սավառնի երկնային երանության մեջ:
ՀԱԿ-ի,քաղաքի թիվ 2 դպրոցի կոլեկտիվների և նրան ճանաչող բազմաշերտ հանրության կողմից:
Նյութն արտատպված է «Արշալույս» թերթից.