
Վրաստանում բուժքրոջ մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կորոնավիրուս է հաստատվել: Վրաստանի շրջաններից մեկի քրեակատարողական հիմնարկում աշխատող բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցից հայտնել են, որ պացիենտի առողջական վիճակը թեթև է և նրա մոտ նկատվում է կորոնավիրուսով վարակված պացիենտին բնորոշ թուլություն: Կինը Astrazeneca տեսակի պատվաստանյութով է պատվաստվել։
Տեղի ունեցածին արձագանքել է նաև Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, որ բուժքույրը պատվաստվելուց առաջ՝ մարտի 18 -ին, կորոնավիրուսի հակագենի թեստ էր հանձնել, բացասական պատասխանից հետո միայն՝ պատվաստվել: Մինչ այդ էլ, աշխատանքային պարտականությունների համաձայն, թեստ էր հանձնում շաբաթը մեկ անգամ, հետևաբար, վերջին անգամ ՊՇՌ թեստ հանձնել էր մարտի 15-ին: Կորոնավիրուսի թեստը դրական է արձանագրվել մարտի 20 -ին, երբ կորոնավիրուս հաստատվել է կնոջ ամուսնու մոտ: