Ապրիլի 1-ից Վրաստանում կսկսեն տուգանել հին համարներով մեքենաների վարորդներին. Նման համարով մեքենա վարելը կհամարվի վարչական իրավախախտում: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:
Հին ոճի գրանցման համարների գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի մարտի 31-ին:
Պետհամարանիշները փոխարինելու համար այլևս անհրաժեշտ չէ մեքենան տանել տարածաշրջանային սպասարկման կենտրոններ: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ փոխադրամիջոցը գրանցված չէ տվյալ անձի անունով, կամ երբ փոխվել են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են թափքի տեսակը, գույնը, վառելիքի տեսակը, շարժիչի համարը կամ չափը և այլն:
Վրաստանի ՆԳՆ Սպասարկման գործակալությունը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար թողարկել եվրոպական ստանդարտին համապատասխան նոր դիզայնի համարանիշներ: Հին պետհամարանիշերը կարող են փոխվել նորերի հետ`առանց լրացուցիչ ծախսերի:
Սկզբնապես սպասվում էր, որ փոխարինման գործընթացը կշարունակվի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամկետները երկարաձգվեցին մինչև 2021 թվականի մարտի 31-ը: