Զատիկից մեկ շաբաթ առաջ Վրաստանի քաղաքացիները կիմանան կառավարության ծրագրերի մասին. Կլինե՞ն սահմանափակումներ կորոնավիրուսի տարածման հետ կապված, թե ոչ, այսօր լրագրողներին ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով, կառավարության համար կարևոր է հնարավորինս պահպանել տնտեսական գործունեությունը երկրում: Այդ նպատակով աշխատանքի տեսչությունն ինտենսիվորեն աշխատում է:
«Հաստատված կանոնների պահպանումը քաղաքացիների կողմից մեծ կարևորություն ունի, որպեսզի մեզ չստիպեն որոշակի սահմանափակումներ մտցնել: Այս փուլում մենք ունենք ռեսուրս, որպեսզի կրկին չդիմենք փակմանը: Սակայն յուրաքանչյուր քաղաքացու բարձր սոցիալական պատասխանատվությունը կարեւոր է », – ասել է Տիկարաձեն:
Վրաց փորձագետները հիասթափեցնող կանխատեսումներ են անում: Նրանք կարծում են, որ երկիրը մտնում է կորոնավիրուսի տարածման երրորդ փուլ և չեն բացառում, որ Վրաստանը կմոտենա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշներին, երբ օրական հայտնաբերվում էր մի քանի հազար վարակ:
Ըստ համաճարակաբանների, երկրում նախորդ շաբաթների համեմատ, դիմակների կրման մակարդակը 43% -ից հասել է 51% -ի: Փորձագետները մեկ անգամ ևս հորդորում են քաղաքացիներին դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը և պատվաստվել:
Վրացական կլինիկաների տնօրենները խոսում են նաև իրավիճակի վատթարացման մասին:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք: Ամենամեծ թիվը գրանցվել է Թբիլիսիում, Գուրիայի, Սամեգրելո – Զեմո Սվանեթիի և Աջարիայի մարզերում:
Համաճարակի սկզբից Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 284 հազար դեպք, վերականգնվել է ավելի քան 275 հազար, մահացել է 3822 հիվանդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: