Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծրագրում է լքել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հեռանալ քաղաքականությունից:
Այս մասին լուրը տարածում են տեղական մի քանի լրատվամիջոցներ` հղում անելով սեփական աղբյուրներին: Չեն բացառում, որ Կալաձեն կրկին Միլան կտեղափոխվի, ուր նա ապրում էր ֆուտբոլային հաջողակ կարիերայի ընթացքում:
Վերջերս հայտնի դարձավ, որ քաղաքապետն առողջական խնդիրներ ունի, մարտի 26-ին նա սոցցանցում գրել էր, որ հետազոտվում է թբիլիսյան կլինիկաներից մեկում: 43-ամյա Կալաձեի մոտ ախտորոշվել է վեստիբուլոպաթիա՝ վեստիբուլյար անալիզատորի դիսֆունկցիա: Օրերս նա դուրս է գրվել, սակայն տնային բուժումը պետք է շարունակի: Կալաձեի` քաղաքականությունը լքելու լուրը լրատվամիջոցներում շրջանառվում էր նաև մինչ նրա հոսպիտալացումն` ավելի ստույգ` Գիորգի Գախարիայի` Վրաստանի վարչապետի պաշտոնը թողնելուց հետո: Որոշ աղբյուրներ եզրակացրին, որ Կալաձեն դժվար թե շարունակի մնալ ու սատարել իշխող թիմի խաթարված վարկանիշին ու նորից առաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու (այս տարի Վրաստանում ՏԻՄ են ընտրում): Ինքը` Կալաձեն հրաժարվում էր խոսել առաջիկա ծրագրերի մասին, իսկ կուսակցությունը խոստանում էր քաղաքապետի թեկնածուի մասին ասել ընտրություններից մի քանի ամիս առաջ:
Կալաձեն Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վարկանիշով` 3-րդն է` Վրաստանի ամենահեղինակավոր դեմքերի շարքում, զիջում է միայն համայն Վրաց պատրիարք Իլիա 2-ին ու նախկին վարչապետ Գիորգի Գախարիային: Նա քաղաքապետ էր ընտրվել 2017-ին: Մինչ այդ Վրաստանի էներգետիկայի նախարարն էր: Կալաձեն նախկին ֆուտբոլիստ է, իտալական «Միլանի» հաջողակ խաղացող, որի կազմում 284 խաղ է անցկացրել: Նախորդ տարի նա ներառվել է Football-Italia պարբերականի կողմից կազմվող` Իտալիայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում: aliq.ge