Ապրիլի 9-ի Թբիլիսիի ողբերգությունից անցել է 32 տարի: 1989-ի այս օրը լուսադեմին, Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչև այսօր էլ անհայտ է:
Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Սա նաև Վրաստանի անկախության վերականգնման օրն է: Ավանդաբար, այս օրը նշվում է Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Մարդիկ գիշերվանից են սկսում մոմավառությունը, այն շարունակվում է մինչև առավոտ: Սակայն երկրում արդեն երկրորդ տարին է`պարետային ժամով պայմանավորված` այդ հնարավորությունը չկա:
1989-ի ապրիլի 9-ին ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատները հարձակվեցին Ռուսթավելի պողոտայում գտնվող անկախության կողմնակից ցուցարարների վրա: 21 ցուցարար մահացավ փողոցում` 3 տղամարդ, 19-ը կին ու աղջիկ` այդ թվում երեք անչափահաս.
Ազա Ադամիա, 22 տարեկան
Նաթիա Բաշալեիշվիլի, 16 տարեկան
Էկա Բեժանիշվիլի, 16 տարեկան
Նատո Գիորգաձե, 23 տարեկան
Թամունա Դոլիձե, 28 տարեկան
Թինա Էնուկիձե, 70 տարեկան
Նինո Թոիձե, 25 տարեկան
Զաիրա Կիկվիձե, 61 տարեկան
Մանանա Լոլաձե, 33 տարեկան
Թամար Մամուլիշվիլի, 50 տարեկան
Վեներա Մետրեվելի .33 տարեկան
Մամուկա Նոզաձե, 22 տարեկան
Նանա Սամարգուլիանի, 41 տարեկան
Շալվա Կվասրոլիաշվիլի, 41 տարեկան
Մարինա Չկոնիա-Սամարգուլիանի, 31 տարեկան
Էլիսո Չիպաշվիլի, 25 տարեկան
Թամար Ճովելիձե, 16 տարեկան
Նոդար Ջանգիրաշվիլի, 40 տարեկան
Մզիյա Ջինչարաձե, 43 տարեկան
Մանանա Մելքաձե, 23 տարեկան
Գիա Կարսելաձե, 25 տարեկան
1989 թվականի ապրիլի 9-ը Վրաստանի համար շրջադարձային եղավ: Ուղիղ երկու տարի անց ՝ 1991 թ. ապրիլի 9-ին, ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան` Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախությունը վերականգնելու մասին: Որոշումն ընդունվել է 1991 թվականի մարտի 31-ին անցկացված համապետական հանրաքվեի հիման վրա, որի ընթացքում վրացական բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախության հռչակմանը և Վրաստանի` ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:
Գամսախուրդիան սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով երկիրը չկառավարեց անգամ մեկ տարի։ Նա ստիպված էր երկրից փախուստի դիմել, միայն 1993-ին կարողացավ վերադառնալ Վրաստան, սակայն անհայտ հանգամանքներում մահացած գտան երկրի արևմտյան շրջանում՝ Սամեգրելոյում։ Հետաքննության պաշտոնական վարկածով` Գամսախուրդիան ինքնասպանություն է գործել։ Նրա ընտանիքի անդամներն ու համախոհները մինչ օրս, սակայն, համաձայն չեն հետաքննության արդյունքների հետ, մեղադրում են նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին։aliq.ge