Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։
Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը նշում է հուլիսի 3-ին: Վարդավառը տոնում են Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը` Զատիկից 98 օր հետո, կարող է ընկնել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյաց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «Վարդ» եւ «Վառ» բառերից եւ նշանակում է ջրով օծված։
Վարդավառը տոնել են նաեւ հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը եւ այն:
Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը 5000 տարվա պատմություն ունի, որի վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ թերեւս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Վարդավառի տոնը կապվում է Ջրհեղեղի եւ Նոյի տապանից իջնելու հետ, իսկ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտվում է իբրեւ Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն: Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ, հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով եւ ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանում, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…
Հաշվի առնելով այն փաստը, որ հատկապես վերջին տարիներին մեզանում միմյանց վրա ջուր ցողելու եւ իրար վարդեր նվիրելու փոխարեն փողոցում անսպասելիորեն սառը լոգանք ընդունելու սովորությունն է զարգանում, այսօր մնում է միայն ներողամիտ ժպտալ, մի լավ ծիծաղել ու մտածել, որ անհարմար վիճակում մենակ Դուք չէ որ հայտնվել եք:
Նշենք նաեւ, որ Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Աղունիկ Վարդանյան