Ինքնասպանություն , դժբախտ պատահար, թե՝ սպանություն. հայտնաբերվել է ՌԴ-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դի

Ինքնասպանություն , դժբախտ պատահար, թե՝ սպանություն. հայտնաբերվել է ՌԴ-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ:

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր:  Մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը:  Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ 2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ.Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով։

Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

Դեպքի վայրից վերցվել է հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110- րդ հոդվածի 1- ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: