Թուրքիան և այլ երկրներ չպետք է սնեն Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Անկարայի կողմից Կիևին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վաճառքը, գրում է «Կոմերսանտը»:
«Ես անմիջապես կասեմ, որ մենք բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ շփվում ենք, Թուրքիան դրանցից մեկն է, խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց ՝ չսնուցել այդ ռազմատենչ տրամադրությունները»,- ասել է ռուս նախարարը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև մեկնաբանել է Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով ամերիկյան նավերի անցումը։ «ԱՄՆ-ի նավերի անցումը Սև ծով ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ, Մոսկվան չի հասկանում, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը Ուկրաինայում»,- հավելել է նա։
Բացի այդ՝ նշենք, որ Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայի հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը, հայտնել է Գոլիկովան:
Գոլիկովան հավելել է, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի, եթե այնտեղ իրավիճակը կայունանա:
Մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիայում աճում է COVID-19-ի դեպքերի թիվը։ Եթե մարտի կեսերին երկրի իշխանությունները գրանցել են 6-8 հազար հիվանդ, ապա ապրիլի սկզբից այդ թիվը հասել է 56 հազարի։
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի խոսքով ՝ հենց այդ երկրից Ռուսաստան են ներմուծել SARS-CoV-2 շտամները: