ՀՀ-ում Ամանորյա արձակուրդներ այլևս չեն լինի. Կառավարությունը դեմ է «խրախճանքի 10-օրյակին»

ՀՀ-ում Ամանորյա արձակուրդներ այլևս չեն լինի. Կառավարությունը դեմ է «խրախճանքի 10-օրյակին»

Ամանորին Հայաստանում խրախճանքի 10-օրյակ է հայտարարվում։ Այսօր կառավարության նիստում ներկայացնելով «ՀՀ տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Դրանով առաջարկվում է Ամանորը նշել միայն 2 օր`  դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին, իսկ Սուրբ ծնունդն ու Հայտնությունը միայն 1 օր` հունվարի 6-ին։ Այսինքն` միայն այս երեք օրերը կլինեն ոչ աշխատանքային, մնացած բլոր օրերը` աշխատանքային։

«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, ՀՀ տնտեսական կյանքից, ըստ էության, ջնջում են 10 օր, որոնց ընթացքում մեր երկրում խրախճանքի 10-օրյակ է հայտարարվում։ Այսօրվա Հայաստանուվ ու դրա ապագայով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաքացի, գործարարները, բիզնեսը չեն կարող թույլ տալ նման շռայլություն»,– ասել է նախագիծը ներկայացնող Էկոոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել է, որ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով, առևտրի ծավալը` 47․5 մլրդ դրամով,  արդյունաբերությունը` 35․4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը` 33․9 մլրդ դրամով, գյուղատնտեսության ծավալը կավելանա 3.5, շինարարության ծավալը` 2.9 մլրդ դրամով։

Այս հաշվարկների հետ չհամաձայնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Դուք ՀՆԱ–ն բաժանել եք միայն աշխատանքային օրերի վրա։ Տպավորություն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայաստանում ՀՆԱ չի ստեղծվում»,– ասել է Առաքելյանը` միաժամանակ պնդելով, որ Ամանորի երկար օրերին մարդիկ առևտուր են անում, ծառայություններից օգտվում ու գնում հանգստյան տներ։

«Ինչքան երկար է արձակուրդը, այնքան մարդիկ ավելի շատ են գնում հանգստյան տներ»,– ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ թեման նոր չէ, այն ամեն տարի քննարկվում է տարեվերջին, ուստի, իր խոսքով` կառավարությունը որոշել է խնդիրը լուծել նախապես` մինչև Նոր տարի։

Վարչապետը շեշտեել է, որ հարցն ունի նաև հոգեբանական ու սովորութային հիմք։

«Մենք ընդունում ենք օրենքի նախագիծ, որը դեռ պետք է քննարկումներ անցի ԱԺ–ում։ Մենք բարձրաձայնում ենք թեման` կարծիք գեներացնելու ու հասկանալու համար, թե ինչ ընկալումներ կան»,– ասել է վարչապետը։

Նրա խոսքով` այս նախագիծը պետք է ընդունել ոչ թե որպես վերջնական որոշում, այլ առաջարկ։

Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծն ու այն առաջիկայում կներկայացնի խորհրդարան։

Որոշմանը միակ դեմ քվեարկած նախարարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էր, որը համաձայն չէր նախագծում ներկայացված հիմնավորումների հետ։