«Արմենիա» ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
«Թռիչքները կլինեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի ուղղություններով»,–գրում է նա։
Ի դեպ, մինչև մայիսի 5-ը մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու թռիչներ կիրականացվեն վերոհիշյալ ուղղություններով։
Հիշեցնենք, որ ՀՀ֊ում գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։