Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց։ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կոմունիկացիների բացման հարցին։

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա կոմունիկացիաների բացմամբ, չնայած այսօր բոլորն ուզում են վախեցնել, թե ոնց կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան։

«Միջանցքի հարցը շատ է շահարկվում`  Ադրբեջանն անընդհատ հայտարարում է Զանգեզուրի միջանցքի մասին։ Մենք ասում ենք, որ համատեղ ստորագրված համաձայնագրի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ  Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտությունը չկա։ Նրանք շարունակաբար ասում ենք` մենք Զանգեզուրի միջանցք ենք ունենալու։ Լավ, հայտարարում–հայտարարում ենք` մենք էլ ուրեմն Նախիջևանի, հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու»,–ասել է վարչապետը։

Նա, դիմելով ներկաներին, նշել է, թե պատկերացրեք` Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե Հայաստանը երկաթուղի ունենա Իրանի և Ռուսաստանի հետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով: Նրա խոսքով` այժմ «ադրբեջանական Զանգեզուրը» խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր, քանի որ այնտեղով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը: