Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կարող է ստիպել պետությանը կրկին դիմել լրացուցիչ սահմանափակումների, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա` գոյություն ունեցող պատկերը լիարժեք ընկալելու համար անհրաժեշտ է վերլուծել կորոնավիրուսի վիճակագրության առնվազն երկշաբաթյա տվյալները:
«Երկրում իրավիճակը, ցավոք, վատանում է: Պետք է հաշվի առնել ինչպես դրական, այնպես էլ այլ ցուցանիշներ. Սա հարյուր հազար բնակչի հաշվով դեպքեր է, ամենօրյա դեպքեր և այլն: Մեկ-երկու շաբաթվա ցուցանիշները կարևոր են: Ցավոք, այս բոլոր տվյալները վատթարանում են: Եթե դիմակներ կրելու տեմպը չբարձրանա, եթե քաղաքացիները կրկին հավաքվեն մեծ տոների ժամանակ, իհարկե իրավիճակը կվատթարանա, և պետությունը ստիպված կլինի լրացուցիչ սահմանափակումներ ներդնել», – ասել է Իմնաձեն:
Վրաստանում կորոնավիրուսի բռնկման երրորդ ալիքի արդյունքում, հիվանդանոցային հատվածի բեռը մեծանում է, ուստի Վրաստանի առողջապահության նախարարությունը նախատեսում է լրացուցիչ մահճակալներ մոբիլիզացնել կլինիկաներում կորոնավիրուսով հիվանդների համար:
Այս պահին Վրաստանում 10 387 վարակված հիվանդներից 3 174-ը բուժվում են կլինիկաներում, 563-ի վիճակը ծանր է: 89 հիվանդ միացված է արհեստական շնչառության ապարատին: 6,776 վարակվածները բուժվում են տանը:
Համաճարակի սկզբից Վրաստանում արձանագրվել է վարակի ավելի քան 295 հազար դեպք, վերականգնվել է ավելի քան 281 հազար հիվանդ, մահացել է 3 949-ը: