Գանձայից Ռուբեն Պողոսյանը ճանաչվեց լավագույն մարզիչ

Գանձայից Ռուբեն Պողոսյանը ճանաչվեց լավագույն մարզիչ

Հունիսի 30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ 13 մարզաձևերի 2015թ. լավագույն ճանաչված սպորտի ներկայացուցիչների պարգևատրման արարողություն:
Պարգևատրվածների ցանկում էր նաև Գանձայի ազատ ոճի ըմբշամարտի դպրոցի մարզիչ Ռուբեն Պողոսյանը, ով լավագույնը ճանաչվեց «2015թ. լավագույն մարզիչ» անվանակարգում:

Ռուբեն Պողոսյանը արդեն 27 տարի է մարզում է սեփական ջանքերով ստեղծած ըմբշամարտի դպրոցի սաներին: Նա Վրաստանի և Ուկրաինայի չեմպիոն է, Խորհրդային Միության գավաթի մրցանակակիր, սպորտի վարպետ:

Ռուբեն Հակոբի Պողոսյանը ծնվել է 1960թ. Գորի քաղաքում: Ըմբշամարտում նա իր առաջին քայլերն արել է 13 տարեկանում, երբ Գորիում Նոդար Սխիրելին հիմնադրեց ազատ ոճի ըմբշամարտի դպրոցը, որը մինչև այսօր էլ շատ հայտնի է աշխարհում: Մարզվելով անվանի մարզչի մոտ, Ռուբեն Պողոսյանը մի քանի տարի անց դարձավ Վրաստանի պատանիների առաջնության մրցանակակիր, իսկ այնուհետև Վրաստանի մեծահասակների առաջնությունների բազմակի մրցանակակիր:

Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքի տնտեսագիտական ինստիտուտում սովորելու տարիներին Ռուբեն Պողոսյանը մասնակցել է Ուկրաինայի ըմբշամարտի առաջնություններին և բազմիցս չեմպիոն դարձել, մասնակցել է նաև ԽՍՀՄ ուսանողական ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին և արժանացել առաջին մրցանակի, իսկ 1986թ. դարձել է ԽՍՀՄ գավաթի երրորդ մրցանակակիր:

Ուսումն Ուկրաինայում ավարտելուց հետո Ռուբեն Պողոսյանը վերադարձել է նախ Գորի, այնուհետև իր հայրենի գյուղ` Գանձա: 1989-1990-ական թվականներից մեր հերոսը լծված է գյուղում ըմբշամարտը զարգացնելու գործին: Այդ դժվարին տարիներին պատահել են դեպքեր, երբ մրցումներին մասնակցելու համար նույնիսկ ոտքով հասել են մինչև Նինոծմինդա:

Թեև այսօր էլ Գանձայի ըմբշամարտի դպրոցում չկան ուսումնամարզական պատշաճ պայմաններ, այդուհանդերձ գանձացի ըմբիշները իրենց մարզչի քրտնաջան աշխատանքի և սեփական կամքի շնորհիվ մեծ նվաճումներ են ունենում տարբեր տարիքի միջազգային մրցումներում:


Էլմիրա Աբգարյան



Opinion, pooling and voting