Ի՞նչու հրաժարական տվեց Վահե Իրիցյանը. Հարցը անպատասխան է

Ի՞նչու հրաժարական տվեց Վահե Իրիցյանը. Հարցը անպատասխան է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Վահե Իրիցյանը հրաժարականի դիմում է գրել, այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա մասնավորապես գրել է.

«Ողջույններ, իմ սիրելի ընկերներ և գործընկերներ: Ուզում եմ հայտնել, որ այսօր ավարտվեց իմ կյանքի և կարիերայի ևս մեկ փուլ: Կցանկանայի ձեզ տեղեկացնել իմ հրաժարականի մասին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության վարչության պետի պաշտոնից, որտեղ ես աշխատել եմ 7 տարի (2014 թվականից): Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացին ինձ և վստահեցին ինձ ղեկավարել բաժինը: Այս տարիների ընթացքում ես միշտ փորձել եմ աշխատել բարեխղճորեն և արդյունավետ, ես հպարտ եմ և սիրում եմ իմ աշխատանքը: Բայց ցանկացած նախագիծ վաղ թե ուշ ավարտվում է, և մենք պետք է առաջ շարժվենք:

Իմ ղեկավարության ողջ ընթացքում մենք միասին լավ արդյունքների ենք հասել: Միջազգային մրցումներում և Եվրոպայի առաջնություններում, Վրաստանի առաջնություններում մեր մարզիկները տարբեր մարզաձեւերում դարձել են չեմպիոն և մրցանակակիր: Յուրաքանչյուր օրացուցային տարում մենք մեր քաղաքապետարանում անցկացրել ենք մինչև 20 տարբեր մրցումներ, որոնցից ամենահիշարժանը մեր թիմի կողմից տարած հաղթանակներն ու 2018-ին ռաֆթինգի Վրաստանի չեմպիոն դառնալն էր: Իմ աշխատանքի ընթացքում ես անգնահատելի փորձ ու գիտելիքներ եմ ձեռք բերել, նոր հմտություններ ու կարողություններ: Շնորհակալություն իմ թիմին լավ վերաբերմունքի համար: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ձեզ` ձեր բոլոր ծրագրերի և գաղափարների իրականացման գործում: Մի վախեցեք փոփոխությունից, հավատացեք ինքներդ ձեզ: Երջանիկ եղեք»,-գրել է Վահե Իրիցյանը:

Մենք զանգահարեցինք Վահե Իրիցյանին՝ պարզելու, թե կոնկրետ որն է աշխատանքից հեռանալու պատճառը, քանի որ նա ակտիվ և երիտասարդ կադր է, բայց Վահեն հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնաթողությունը: