Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը և միջազգային հանրությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին:
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և աքսորի ճամփին սպանվեց 600 հայ մտավորական։ 1915-1923 թթ. մոտ 1․5 մլն մարդ բնաջնջվեց, հարյուր հազարավորները սփռվեցին աշխարհով մեկ։
Օսմանյան կայսրությունում կոտորվեց ավելի քան 60 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեցին և ավերվեցին 2000-ից ավելի սրբավայրեր, 1500 կրթական հաստատություն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին։ Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:
Ի տարբերություն 2020 թվականի, այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի սահմանափակում չի լինելու: Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել տասից ավելի պատվիրակություններ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և այլն: