ինչ փոխհատուցում պետք է ստանա ցեղասպանության ենթարկված հայը. Հաշվարկներ

ինչ փոխհատուցում պետք է ստանա ցեղասպանության ենթարկված հայը. Հաշվարկներ

Եվրոպան ընդունել է Ավետիս Ահարոնյանի ու Նուբար Փաշայի հաշվարկները

Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության նյութական վնասների գնահատման փորձ 1919 թ–ին իրականացրին հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանն ու հայ ականավոր քաղաքական գործիչ Պողոս Նուբար Փաշան։

Նրանց կատարած աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ Ցեղասպանությունից տուժել է 1 800 000 հայ մարդ կամ շուրջ 360 000 հայ ընտանիք` միջինը 5 անդամից բաղկացած։ Ընդ որում, շուրջ 90 000 ընտանիքները քաղաքաբնակներ էին, 270 000–ը` գյուղաբնակներ։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության զոհերի կրած վնասներին, դրանք Ավետիս Ահարոնյանի ու Նուբար Փաշայի հաշվարկով կազմել են 19 130 932 000 ֆրանսիական ֆրանկ, որից 14 598 460 000–ը Օսմանյան կայսրության հայերին պատճառված վնասներն են, 4 532 472 000–ը՝ Հայաստանի Հանրապետության և Կովկասի հայերին պատճառված վնասները:

Հարկ է նշել, որ հայազգի գործիչների կատարած աշխատանքն անիմաստ չանցավ։ Նրանց հավաքագրած տվյալները 1919 թ.–ին ներկայացվեցին Փարիզի խաղաղության վեհաժողովում։ Դրանց հիման վրա ընդունվեց հուշագիր` «Թուրքիայի և Կովկասի Հայկական Հանրապետության հայ բնակչության կրած վնասների ռեպարացիայի և հատուցման մոտավոր աղյուսակ» վերնագրով։ Այս կերպ, փաստորեն, միջազգային ճանաչում ստացած փաստաթղթով ամրագրվեց, որ Ցեղասպանությունից առաջ` 1914 թ.–ի դրությամբ, Օսմանյան Թուրքիայի տարածքում բնակվում էր 2 026 000 հայ, որոնցից 1 800 000-ը սպանվել ու տեղահանվել են` կրելով 19 130 932 000 ֆրանսիական ֆրանկի զուտ նյութական վնաս։

Ի դեպ, Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով (Insee)` 1901թ. –ի 1 ֆրանսիական ֆրանկն այսօր հավասար է շուրջ 4 եվրոյի։ Այսինքն` Ցեղասպանության զոհերի կորուստն այսօրվա դրությամբ կազմում է 76,5 մլրդ եվրո։ Սա այն դեպքում, եթե հաշվարկվի այն նույն գումարը, ինչ 20-րդ դարի սկզբին։ Բայց նյութական վնասը հաշվարկելիս այսօր հարկ է հաշվարկել նաև տոկոսները, որոնք մեկ դարում կարող էին ավելանալ հայերի կորցրած գույքի, թուրքական բանկերում թողած ֆինանսական միջոցների, ոսկու, մուրհակների ու արժեթղթերի վրա։

Ավելորդ չէ նաև արձանագրել, որ հայ մտավորականներն իրենց հաշվարկներում չէին ներառել նաև հայ մշակութային ցեղասպանության հետևանքներն ու հայ ժողովրդի կրած բարոյական վնասները։

2003 թ.–ին աշխարհում սփռված հայերի անունից հայց ներկայացվեց գերմանական «Victoria» ապահովագրական ընկերության, 2006 թ–ին` գերմանական «Deutsche Bank» բանկի, իսկ 2008 թ–ին` բրիտանական «Aviva» ապահովագրական ընկերության դեմ: 2010 թ.–ին էլ հավաքական հայց հարուցվեց Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի կենտրոնական բանկի և «Զիրաաթ» բանկի դեմ՝ հայերից բռնազավթված սեփականության ու դրամական միջոցների փոխհատուցման պահանջով։ Հայերի ժառանգների այս պահանջներն այդպես էլ մնացին չբավարարված։

Միջազգային այս գործընթացի արդյունքում, փաստորեն, Ցեղասպանության ենթարկված 1.8 մլն հայերի ժառանգներից փոխհատուցում ստացան միայն 3.5 հազարը` 19 մլն 350 հազար դոլարի չափով։

1987 թ.–ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ: Եվրոպական խոստումնալից, բայց անօգուտ այս փաստաթղթից 33 տարի անց Թուրքիան` եղբայրական Ադրբեջանի հետ, աշխարհի աչքի առաջ նոր պատերազմ, նոր կոտորած ու մշակութային ավեր է իրականացնում հայ ազգի հանդեպ։