Լարսի սահմանային անցակետը, որն այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ից փորձնական բացվելու էր 4×4 թեթեւ մարդատար մեքենաների համար, չի բացվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի» պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նշել է. «Մեր ստացած տեղեկատվության համաձայն, պետք է այսօր բացվեր, սակայն, չի բացվել եւ այդ գործընթացը վաղն է սկսվելու: Վերականգման աշխատանքները չեն հասցրել ավարտել, պլանավորել էին, որ բացեն, սակայն, մեզ հաղորդեցին, որ ճանապարհի տարբեր հատվածներում աշխատանքներ են տարվում եւ, հավանաբար, կբացվի վաղը: Սակայն, բացվելու է որոշ ժամերի, որոշ տեսակի տրանսպորտային միջոցների համար»:
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնել էր, որ փլուզման հետւանքով հունիսի 23-ից փակված Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետն այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ից փորձնական կբացվի 4×4 թեթեւ մարդատար մեքենաների համար:
Հիշեցնենք, որ 50-ից ավելի հայաստանցիներ շարունակում են մնալ անցակետում, նրանց տեղափոխման հարցը չի լուծվել։