ԵՄ-ն 30 տրանսպորտային միջոց է տրամադրել Վրաստանի սահմանային ոստիկանությանը՝ անօրինական միգրացիայի և անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի համար
Ապրիլի 17-ին Եվրամիությունը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ միասին, 30 ամենագնաց նվիրեցին Վրաստանի ներքին գործերի նախարարության Սահմանային ոստիկանությանը: Տրանսպորտային միջոցները կնպաստեն սահմաններին անօրինական գործունեության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանն ու պարեկային ծառայության բարելավմանը, ինչպես նաև սահմանապահների արձագանքման հնարավորություններին:
Տրանսպորտային միջոցները նվիրաբերվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն Վրաստանում անվտանգության, հաշվետվողականության և հանցավորության դեմ պայքարի» (SAFE) ծրագրի շրջանակներում: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 693 000 եվրո (2 700 000 լարի)։ Նույն փաթեթի շրջանակներում ևս տասը տրանսպորտային միջոց էր նվիրաբերվել նախորդ տարվա նոյեմբեր ամսին:
«Սահմանային անվտանգության բարելավումը ԵՄ-ի և Վրաստանի համագործակցության կարևոր ուղղություններից է: Այսօր հանձնված փոխադրամիջոցները կնպաստեն, որպեսզի վրացական իշխանություններն ավելի արդյունավետ գործեն անօրինական միգրացիայի և հանցագործությունների դեմ պայքարում։ Այս նվիրատվությունը ԵՄ-ի ավելի լայն աջակցության մասն է` Վրաստանի սահմանների ժամանակակից և արդյունավետ կառավարումը և, ի վերջո, վրացի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:
Նվիրատվությանը կհաջորդեն գնումների և ուսուցման համալիր գործողություններ, որոնք հետագայում կօգնեն ամրապնդել Վրաստանի սահմանների պաշտպանական կարողությունները:
Շառլ Միշելի գլխավորությամբ Վրաստանում ստորագրվել է երկար սպասված քաղաքական համաձայնագիրը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ չորս ամիս տևած քննարկումներից և երկամսյա միջնորդական գործողություններից հետո Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 19–ին ստորագրեցին երկրում սկիզբ առած քաղաքական կոնֆլիկտի կարգավորման համաձայնագիրը, որի պատրաստման համար հիմք էր ծառայել ապրիլի 18-ին Շառլ Միշելի առաջարկած փաստաթուղթը։
Վարելով առցանց արարողությունը՝ նախագահ Միշելը շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ խորհուրդների համար, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ իր տեսլականի համար, քաղաքական առաջնորդներին և ընդդիմադիր կուսակցությունների ընտրված անդամներին՝ համարձակ քաղաքական ընտրության համար, ինչպես նաև ԵՄ հատուկ բանագնաց Քրիստիան Դանիելսոնին, Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Կառլ Հարցելին ու ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին՝ ներդրած ջանքերի համար:
«Այս համաձայնագիրը վերջնագիծը չէ: Այն մեկնարկային կետ է՝ Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման և Վրաստանի եվրաատլանտյան ապագայի ուղղությամբ ձեր աշխատանքի համար։ Ես համոզված եմ, որ Վրաստանի քաղաքացիներն առավել քան երբևէ հույս են կապում ձեզ հետ, որ դուք կկարողանաք կենտրոնանալ Վրաստանի առջև ծառացած հրատապ մարտահրավերների վրա․ տնտեսություն, COVID-19 համավարակ և դրա հետևանքներ, օրենքի գերակայության և դատական համակարգի ոլորտներում բարեփոխումներ, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերներ», – նշել է Շառլ Միշելը:
Նախագահ Միշելը հիշեցրեց նաև նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի, ինչպես նաև վերջին ամսվա ընթացքում Ուկրաինայի սահմանների երկայնքով և անօրինական կերպով բռնակցված Ղրիմում Ռուսաստանի ռազմական կարողությունների կուտակման մասին ու նշեց, որ տարածաշրջանային համատեքստում հատկապես կարևոր է այն եղանակը, որով վրացի քաղաքական առաջնորդները որոշել են դուրս գալ փակուղուց։ «Դա ճգնաժամի կարգավորման իրապես եվրոպական ճանապարհ է», – նկատել է նախագահ Միշելը։
ԵՄ-ն Վրաստանին տրամադրել է լաբորատոր սարքավորումներ՝ հանցագործությունների քննությունը բարելավելու համար
Ապրիլի 20-ին Եվրամիությունը գազային քրոմատագրության / զանգվածային սպեկտրոմետրիայի համակարգ (GC-MS) փոխանցեց Վրաստանի ՆԳՆ դատաբժշկական-քրեագիտական վարչությանը: Նվիրաբերված սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 246 000 ԱՄՆ դոլար: Այս աջակցությունը տրամադրվում է Եվրամիության «SAFE» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (ՄԱԾԾԳ) հետ համագործակցությամբ:
GC-MS համակարգը նույնականացնում է տարատեսակ նյութեր և օգտագործվում է թմրանյութերի հայտնաբերման, հրդեհների հետաքննության, շրջակա միջավայրի վերլուծության, պայթուցիկ նյութերի հետազոտման և անհայտ նմուշների նույնականացման համար։ Համակարգն օգտագործվում է աշխարհի առաջատար լաբորատորիաների կողմից: Նոր համակարգը թույլ է տալիս արդյունքներ ստանալ մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում: Սա էապես կբարելավի արագ և որակյալ դատաբժշկական փորձաքննությունների կարողությունները:
«Սարքավորումները տրամադրվել են Եվրամիության «SAFE» ծրագրի շրջանակներում, որը սկսվել է երկու տարի առաջ` 120 միլիոն լարիի չափով ԵՄ ներդրմամբ: «SAFE» ծրագրի հիմնական նպատակը Վրաստանում անվտանգության հատվածի ամրապնդումն է: Այն ներառում է սարքավորումների տրամադրում և դասընթացների անցկացում` իրավապահ մարմինների գործառնական և վերլուծական կարողությունները բարելավելու համար», – հայտնել է Վրաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Սիգրիդ Բրետելը։
ԵՄ-ի «SAFE» ծրագիրն իրականացվում է 2019 թ․ հուլիսից։
EU4Youth-ը գյուղական նորարարական գիտելիքների կենտրոն է բացել Վրաստանի Գորի քաղաքում
«EU4Youth» ծրագիրը՝ Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի (CENN) և «Biliki» ընկերակցության աջակցությամբ, ապրիլի 23-ին Վրաստանի Գորի քաղաքում բացել է գյուղական նորարարական գիտելիքների նոր կենտրոն։
Կենտրոնի նպատակը տեղական մակարդակում երիտասարդների հզորացումն ու նրանց շրջանում սոցիալական և կանաչ ձեռներեցության զարգացմանը նպաստելն է: Կենտրոնը երիտասարդական աշխատանքային տարածք է, որը հասանելի կլինի Շիդա Քարթլիի շրջանում բնակվող երիտասարդների համար: Այնտեղ պարբերաբար կանցկացվեն բնապահպանական և երիտասարդական արշավներ, իսկ դրա շահառուները հնարավորություն կունենան հանդիպել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ու անցկացնել հանրային քննարկումներ և կրթական միջոցառումներ:
Բացման միջոցառմանը ներկայացվեցին CENN-ի և «Biliki» ընկերակցության ձեռնարկած քայլերը` երիտասարդներին ձեռնարկատիրական և կրթական գործունեության մեջ ներգրավելու, ինչպես նաև ԵՄ կողմից աջակցվող Կլիմայի փոփոխության երիտասարդական մրցույթի ցուցահանդես այցելելու համար:
Կենտրոնը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CENN-ի կողմից՝ KRDF-ի (Կախեթի տարածաշրջանային զարգացման հիմնադրամ) և «Կանաչ Արահետ» ՀԿ–ի (Հայաստան) հետ համատեղ: Ծրագրի նպատակն առավել խոցելի համայնքներում ձեռնարկատիրական ներուժի բացահայտումը և երիտասարդական ձեռներեցության հնարավորությունների խթանումն է։
ԵՄ աջակցությամբ իրականացված հարցման տվյալներով՝ վրացական լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ
Հետընտրական շրջանում Վրաստանում շարունակում է աճել ԶԼՄ-ների բևեռացումը։ Այս եզրահանգումը կատարվել է 2020 թ. խորհրդարանական ընտրություններին հաջորդած ութ շաբաթների ընթացքում (2021 թ. փետրվար-մարտ) իրականացված ԶԼՄ-ների հետընտրական մոնիտորինգի արդյունքում, որի տվյալներն ապրիլի 23-ին հրապարակել են Եվրոպական միությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։
Հիմնական արդյունքները ցույց են տալիս, որ ԶԼՄ-ների բևեռացումը շարունակում է աճել նույնիսկ ընտրաշրջանի պաշտոնական ավարտից հետո, քանի որ լրատվամիջոցների օրակարգում գերակշռում են քաղաքական այնպիսի թեմաները, ինչպիսիք են խորհրդարանական բոյկոտը, կուսակցությունների միջև ԵՄ գլխավորությամբ միջնորդությունը և ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքը։
Այս միտումը հատկապես ակնհայտ է հեռուստատեսությունում: Որոշ հեռուստաընկերություններ մանիպուլացնում են իրենց լսարանին՝ տարածելով չստուգված տեղեկատվություն, մինչդեռ ճշգրտությունը շարունակում է խնդիր լինել նաև տպագիր մամուլում: Ի հակադրումն՝ թվային հրապարակումները պակաս բևեռացված և ավելի հավասարակշռված են. դրանք հիմնականում զերծ են խտրական լեզվից, լուսաբանում են ընտրական գործընթացի լայն շրջանակ և տալիս են իրադարձությունների համեմատաբար անկողմնակալ նկարագրություն:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ արատավոր շրջանը, երբ քաղաքական բևեռացումը սնուցում է լրատվամիջոցներին, իսկ վերջիններս էլ սնուցում են քաղաքական լարվածությունը, շարունակվում է՝ խիստ ազդեցություն գործելով հասարակության վրա։ Մենք մեծ հույսեր ունենք, որ ամիսներ շարունակվող քաղաքական հակասության հաջող ավարտով լրատվամիջոցները դեր կխաղան բևեռացումը նվազեցնելու գործում` ավելի լրագրողական էթիկայի և ավելի լավ չափանիշների գործադրման միջոցով», – նկատել է Վրաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Էվիյա Կոտանը։
ԵՄ կողմից ֆինանսավորվող հետազոտությունն իրականացվել է վրացական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի, Ինտերնյուս-Վրաստանի և ՀՌԿԿ-Վրաստանի հետ համատեղ: Հետընտրական հետազոտությունն ընդգրկել է 33 լրատվամիջոց, այդ թվում՝ 12 հեռուստաընկերություն, 8 տպագիր թերթ և 13 առցանց հրատարակություն:
ԵՄ-ն Վրաստանում մեկնարկել է #JusticeForAll արշավը՝ արդարադատության մատչելիությունը խթանելու համար
Ապրիլի 27-ին Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը մեկնարկեցին #JusticeForAll առցանց արշավը, որը նպատակ է հետապնդում բարձրացնել արդարադատության մատչելիության հետ կապված խնդիրների շուրջ իրազեկությունը, որոնց հետ տարբեր խմբերի ներկայացուցիչները բախվում են Վրաստանում:
Դրա առանցքային ուղերձն այն է, որ մատչելի արդարադատությունը պետք է զերծ լինի տեսանելի և անտեսանելի խոչընդոտներից. զգայուն և հաշմանդամների համար նպաստավոր միջավայր, մատչելի շենքեր, մեկնաբանություն և մշտապես ու բոլորի համար հարմար տեղակայություն:
Արշավի շրջանակներում կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնություն կազմող խմբերի ներկայացուցիչների, կանանց և երեխաների անձնական պատմություններ` արդարադատության մատչելիության խոչընդոտները հաղթահարելու մասին: Պատմությունները վրացերեն և անգլերեն լեզուներով կհրապարակվեն Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պաշտոնական առցանց հարթակներում:
Սույն արշավն իրականացվում է «Վրաստանում դատական համակարգի հաշվետվողականության և արդյունավետության բարձրացում և փաստաբանների արհեստավարժության բարձրացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից՝ կրկին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (2019 – 2021) ծրագրի շրջանակներում:
Տոնավաճառի նպատակը գյուղական համայնքների երիտասարդության հզորացումն է և տեղական մակարդակում նրանց կարիերայի զարգացմանն աջակցությունը։ Տոնավաճառին կմասնակցեն տեղական, ինչպես նաև ազգային մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, հանրային գործակալությունները, ինչպես նաև անկախ երիտասարդական ծրագրերը, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման, արդյունաբերության, կրթության, կանաչ ձեռնարկատիրության և այլ ոլորտներում։
EU4Youth աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ “ԵՄ-ն երիտասարդների համար․ սոցիալական ձեռնարկատիրուփյան էկոհամակարգի զարգացում կանաչ աճի համար” ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակը ամենախոցելի համայնքներում ձեռնարկատիրական կարողությունների բացահայտումն է, ինչպես նաև երիտասարդների շրջանում ձեռնարկատիրական հնարավորությունների մասին իրազեկումը։
Ծալկայի (Վրաստան) տեղական գործողությունների խումբը (ՏԳԽ) ԵՄ աջակցությամբ իրականացվող «EMBRACE Tsalka» նախագծի շրջանակներում հայտարարել է իր երրորդ դրամաշնորհային մրցույթի մասին, որը նպատակ ունի նպաստել վարչակազմի ենթակայության տակ գտնվող տարածքում տնտեսական դիվերսիֆիկացմանը: Այն կբարելավի նաև տեղական համայնքների բարեկեցությունն ու սոցիալ-տնտեսական վիճակը` իրականացնելով Ծալկայի տեղական զարգացման ռազմավարության (ՏԶՌ) գերակայություններին վերաբերող նախագծեր:
Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում աջակցություն կստանան ինչպես առևտրային (ոչ գյուղատնտեսական և գյուղատնտեսական), այնպես էլ սոցիալական և կրթական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի և (կամ) օտարերկրյա պետությունների չափահաս քաղաքացիներ, Վրաստանում գրանցված իրավաբանական անձինք, գյուղատնտեսական կոոպերատիվներ, շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք (հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ և այլն), Ծալկայի տեղական ինքնակառավարման հանրային իրավունքի իրավաբանական անձինք, Ծալկայի վարչական տարածքում գործող մշակութային և կրթական կազմակերպություններ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 27-ն է:
«EMBRACE Tsalka» նախագիծն իրականացվում է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ներքո:
Association Alternativi International բուլղարական կազմակերպությունը հրավիրում է թվային երիտասարդական աշխատանքի վերաբերյալ դասընթացի։ Ծրագրի ընդհանուր նպատակը երիտասարդական աշխատողներին ու ՀԿ-ներին թվային երիտասարդական աշխատանքի պատշաճ և արդի գիտելիքներով, հմտություններով, կոմպետենցիաներով ու փորձով զինելն է:
«Թվային երիտասարդական աշխատանք» դասընթացը կենտրոնանալու է հասարակական կազմակերպությունների համար թվային երիտասարդական աշխատանքի, թվային կրթության և առցանց ակտիվիզմի գաղափարների ու տարրերի ըմբռնման վրա: Մասնակիցներին կներկայացվեն երիտասարդների հետ ամենօրյա աշխատանքում կիրառելի նորարարական գործիքներն ու երիտասարդական աշխատողների հմտությունների և կոմպետենցիաների բարելավման լավագույն եվրոպական փորձը: Ծրագրի միջոցով մասնակիցները կսովորեն՝ ինչպես օգտագործել թվային տեխնոլոգիաները՝ կամավորների ավելի լավ և ավելի որակյալ կառավարման, առցանց ակտիվիզմի, առցանց հաղորդակցության և ավելի շատ երիտասարդների (նույնիսկ մարգինալացված համայնքներից) հասու լինելու համար:
Դասընթացը կկայանա Բուլղարիայի Բանսկո քաղաքում:
Եվրոպական հանձնաժողովի Youth4Regions ծրագիրը, որը լրագրություն ուսումնասիրող ուսանողներին և երիտասարդ լրագրողներին օգնում է բացահայտել, թե ինչ է անում ԵՄ-ն իրենց տարածաշրջանում, հրավիրում է դիմել հերթական ծրագրին մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը։
Ծրագրին ընտրված մասնակիցները կունենան հնարավորություն ընդգրկվելու հետևյալ առաջարկներում․
Մասնակցության պայմաններն են՝
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։