Մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը և անգմբեթ վանքի լուսանկարը հրապարակել։
«Ձեր դժբախտությունը ձեր ուղեղի մեջ է, դժգունությունը` թրքահպատակության և ապիկարության։ Դուք այդպես էլ չհասկացաք մեր հոգու ցավը»,–վրդովված գրել է նա։
Թադևոսյանը տեղեկացրել է, որ լուսանկարը մի քանի օր առաջ է նկարել։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Շուշի բերդաքաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ` հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինուժի կողմից 2 ժամվա տարբերությամբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին կրկնակի հրետակոծության ենթարկվեց։