Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի ցանքը:
Բնակիչների մի մասը ցանում են տեխնիկայով, իսկ ոմանք էլ ձեռքով: Մարդիկ շտապում են ցանել որպեսզի անձրեւները չխանգարեն:
Ղաուրմայի բնակիչ Շիրազ Եփրիկյանը ով զբաղվում է հողագործությամբ, մեզ հետ զրույցում ասաց. «1 հա 20 ար հողատարածքում կցանեմ կարտոֆիլ: 40 թեթրիով կարտոֆիլը վաճառում ենք, ամբողջ ընտանիքով չարչարվում, բայց ծախսը չի փակում: Կարտոֆիլի սերմացուն արդեն ծիլ է տալիս, դրա համար եղանակի թացին եւ չորին չենք նայում, սկսել ենք ցանել: Պարարտանյութի գինը բարձրացել է 45 լարի, որը չի էլ ճարվում Վրաստանում: Տեխնիկային 1 ար -ի համար վճարում ենք 2 լարի, հողը փխրեցնելը արժէ 1 լարի, հերկելը արժէ 2 լարի: Ընդհանուր առմամբ 1 ար կարտոֆիլ ցանելու համար 8 լարի ենք ծախսում: Իսկ եկամուտը շատ քիչ է, մարդիկ կան որ 50 – 60 տոննաներով կարտոֆիլ ունեն բայց չվաճառվելու պատճառով լցնում են աղբամանը: Այդ պատճառով անցած տարիների համեմատ այս տարի ավելի քիչ ենք ցանում: Մենակ այստեղից փախչելը կփրկի, գնանք Ռուսաստան աշխատենք, որովհետեւ ոչ կարտոֆիլ ցանելը ոչ էլ կով պահելը ձեռընտու չէ»:
Նազիկ Վարդանյանը ով 80 տարեկան է իր ամուսնու հետ միասին տան դիմաց սկսել են ձեռքով ցանել կարտոֆիլը:
«Առաջվա նման չենք կարող աշխատել, բայց 1 շաբաթվա աշխատանքը հնարավոր է վերջացնենք 1 ամսվա ընթացքում: Ինչպես ասում են «Ով աշխատի նա կուտի» այդ պատճառով հիմա ցանում ենք կարտոֆիլը որպեսզի հետո չգնենք եւ տան համար գոնե ուտելու կարտոֆիլ ունենանք: Հետո էլ աշխատանքը առողջություն է: Ներկա ժամանակներում կարտոֆիլ մշակելը շատ ծախսատար է, որից մենք արդյունք չենք ստանում», – նշեց տիկին Վարդանյանը:
Մանրամասները՝ աուդիոնյութում.