120 եվրախորհրդարանականներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի Բաքուն ազատ արձակի անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված հայ ռազմագերիներին: Համապատասխան նամակում եվրախորհրդարանականները դիմում են Եվրահանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությանը:
Նրանց խոսքով ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Շառլ Միշելը և Ժոզեֆ Բորելը պետք է ամեն ջանք գործադրեն և պահանջեն, որ Ադրբեջանը պաշտպանի միջազգային օրենսդրությունը:
Եվրախորհրդարանականները ասում են, որ դժվար է որոշել Ադրբեջանում մնացած ռազմագերիների թիվը, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվում է համագործակցությունից:
«Սակայն այդ գերիների թվում կա 72 մարդ, որոնց ձերբակալությունը հաստատում է Ադրբեջանը, 112 մարդ, որոնց մասին Ադրբեջանը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել և 61 մարդ, որոնց կալանավորումը Բաքուն հերքում է, չնայած որ կոնկրետ ապացույցները հակառակն են վկայում», – ասվում է նամակում:
Ադրբեջանը պնդում է, որ բոլոր ռազմագերիներն արդեն հանձնվել են Հայաստանին: Միևնույն ժամանակ, Բաքուն հաստատում է, որ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելուց հետո նրանք ձերբակալել են մի քանի մարդու:
Բաքուն պնդում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածությունը չի տարածվում այդ անձանց վրա: Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ այդ մարդիկ ահաբեկչություն և սաբոտաժի փորձ են իրականացնում, և նրանց պետք է պատասխանատվության ենթարկել: