Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու և կանխարգելելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են իրավախախտման բոլոր դեպքերին,- այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳ նախարարությունը:
«Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1 813 դեպք:
Ոստիկանությունը տուգանել է 96 ֆիզիկական անձի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:
Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 1 493 ֆիզիկական անձինք տուգանվել են վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ 224-ը՝ շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար:
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 40 լարի տուգանքի:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքը ենթադրում է քրեական պատասխանատվություն:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ: 1tv.ge