Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Հայաստան։ Վրաստանի վարչապետի այցի մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի «Որոշումներ» բաժնից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի և Զինվորական նվագախմբի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում, իսկ ՀՀ ոստիկանապետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել պատվիրակության ղեկավարի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում։
Որոշումից կարելի է ենթադրել, որ Վրաստանի վարչապետն այցելելու է Բյուրականի աստղադիտարան, քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարված է ապահովել Բյուրականի աստղադիտարանի տարածքի մասնակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:
Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար:
Որոշման մանրամասները ստորև.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել Պատվո պահակային վաշտի և Զինվորական նվագախմբի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4․ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին՝ ապահովել պատվիրակության ղեկավարի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել Բյուրականի աստղադիտարանի տարածքի մասնակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: