ԱՄՆ-ն և Վրաստանը հուշագիր են ստորագրել անվտանգության և պաշտպանության ոլորտում, որը Վրաստանին հնարավորություն է ընձեռում նոր պաշտպանական սպառազինում ձեռք բերել Վաշինգտոնից և ռազմական օգնություն ստանալ:
Բացի այդ, փաստաթուղթն ընդլայնում է վրացական զինված ուժերի վերապատրաստման գործում ԱՄՆ-ի մասնակցության հնարավորությունները: Հուշագիրը ստորագրել են վրաց վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում:
ԱՄՆ պետքարտուղարի այցը Վրաստան տեղի է ունենում Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից օրեր առաջ:
Վրաստանից Քերին այցով կմեկնի Ուկրաինա: Ինչպես Վաշինգտոնն ընդգծել էր, Քերիի այցը Վրաստան և Ուկրաինա խորհրդանշում է այն, որ ԱՄՆ-ն մեծ ուշադրությամբ է հետևում այդ երկու երկրում անվտանգության պահպանմանը:
www.tert.am