Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը սկսում է Վրաստանի հետ համագործակցությունը

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը սկսում է Վրաստանի հետ  համագործակցությունը

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը սկսում է Վրաստանի հետ իր առաջին երկկողմ տեխնիկական համագործակցության նախագիծը

Մայիսի 3-ին Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը (ԹԹՄԵԿ՝ EMCDDA) մեկնարկեց Վրաստանի հետ իր առաջին երկկողմ տեխնիկական համագործակցության նախագիծը: Նախագիծն ուղղված է թմրանյութերի հետ կապված առողջական և անվտանգային սպառնալիքներին ազգային արձագանքի ամրապնդմանը: «EMCDDA4Georgia» նախագիծը (EMCDDA4GE) հիմնականում ուղղված կլինի թմրանյութերի մոնիտորինգի, հաշվետվությունների, կանխարգելման և բուժման վերաբերյալ գիտելիքների փոխանցմանն ու կարողությունների զարգացմանը:

Նոր նախագիծը գործակալության վրացի գործընկերներին կծանոթացնի նաև թմրանյութերի վերաբերյալ ԵՄ տեղեկատվական համակարգին և դրա մեթոդաբանություններին ու գործիքներին, ինչպես նաև կկիսվի միջամտությունների ոլորտում լավագույն փորձով: Այն նաև կաջակցի նորաստեղծ Թմրանյութերի ազգային դիտարանին:

EMCDDA4GE-ն կիրականացվի Վրաստանում ԵՄ պատվիրակության վերահսկողության ներքո և Եվրոպական հանձնաժողովի (DG NEAR և DG HOME) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) հետ սերտ համագործակցությամբ:

ԵՄ-ն հայտարարել է Վրաստանում եվրոպական բիզնեսի և տնտեսական հետաքրքրությունների խթանման հաղթող նախագծի անունը

Վրաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA Georgia) ընտրվել է՝ իրականացնելու ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական գործարար և տնտեսական շահերի խթանումը Վրաստանում» նախագիծը:

Հաղթող նախագիծը կխրախուսի բիզնեսի կողմից համակարգված և ակտիվ գործողությունները, կաջակցի Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) իրականացմանը, ինչպես նաև հետամուտ կլինի ԵՄ տնտեսական դիվանագիտության շահերին:

ԵՄ դեսպան Կառլ Հարցելը շնորհավորեց EBA Georgia-ին՝ քրտնաջան աշխատանքի և տպավորիչ առաջարկի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց բոլոր դիմորդներին՝ ցուցաբերած հետաքրքրության և որակյալ առաջարկների համար. «Ես կոչ եմ անում բոլոր դիմորդներին և համապատասխան այլ կազմակերպություններին օգտվել EBA Georgia-ի կողմից ներկայացվելիք հրավերներից և միասին աշխատել ներառական հարթակի ստեղծման ուղղությամբ: Մենք ակնկալում ենք, որ դուք ձեր լուման կներդնեք ծրագրի իրականացման գործում՝ ի շահ եվրոպական բիզնեսի և ԵՄ – Վրաստան տնտեսական հետաքրքրությունների»:

 

ՎԶԵԲ գրականության մրցանակ 2021. Վրաստանը ներկայացնող հեղինակը եզրափակիչ անցած մասնակիցների թվում է

ՎԶԵԲ գրականության մրցանակ 2021-ը, որը հիմնադրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ իր գործունեության տարածաշրջաններում (գրեթե 40 երկիր) թարգմանված գեղարվեստական գրականության առաջխաղացման համար, հայտարարել է եզրափակիչ անցած երեք մասնակիցների անունները: Նրանց թվում է Վրաստանը ներկայացնող թեկնածուն:

Նանա Էկվտիմիշվիլիի «Տանձի դաշտը» գիրքը վրացերենից անգլերեն է թարգմանել Էլիզաբեթ Հայվեյը (Peirene Press): Եզրափակիչում այն կմրցի լեհ գրող Շչեպան Տվարդոխի «Վարշավայի արքան» և ռումինացի հեղինակ Մատեյ Վիշնեցի «Միսթր Կ.-ն ազատ է արձակվել» գրքերի հետ։

Ի սկզբանե բանկի գործունեության երկրներից մեկի լեզվով հեղինակված լավագույն վեպի համար կշնորհվի 20,000 եվրո: Սա սակավաթիվ միջազգային գրական մրցանակներից է, որը հավասարապես ճանաչման է արժանացնում ինչպես ստեղծագործության հեղինակին, այնպես էլ դրա թարգմանչին:

ՎԶԵԲ գրականության մրցանակ 2021-ի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 1-ին։

ԵՄ-ն Վրաստանին օգնում է բանկային և վճարային ծառայությունների ոլորտում ԵՄ չափանիշներին բավարարելու և վերահսկողական մեխանիզմներն ամրապնդելու գործում

Վրաստանն այլևս պատրաստ է իր ազգային օրենսդրությունը լիովին հարմարեցնել բանկային և վճարային ծառայությունների ոլորտում ԵՄ չափանիշներին ու ֆինանսական վերահսկողության մեխանիզմներին: Սա Լեհաստանի Ֆինանսական վերահսկողության մարմնի կողմից իրականացված «Վրաստանի ազգային բանկի հզորացում՝ բանկային և վճարային ծառայությունների ոլորտում» ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա Թվինինգ ծրագրի գլխավոր արդյունքն է: Ծրագրի ձեռքբերումներն ամփոփվեցին մայիսի 6-ին կայացած առցանց համաժողովում:

Ծրագրի ավարտից հետո նոր օրենքները կընդունվեն ԵՄ կանոններին համապատասխան: Վրաստանի ազգային բանկը կվերակազմակերպի ֆինանսական վերահսկողության մեխանիզմները և կբարձրացնի ինստիտուցիոնալ կարողությունները՝ բանկային և վճարային ծառայությունների տեսանկյունից: ԵՄ համապատասխան կանոններին և պրակտիկաներին հարմարեցված լավարկված օրենսդրությունը, վերահսկողության մեթոդաբանությունն ու չափանիշները կբարձրացնեն վերահսկիչ մարմինների գործունեության արդյունավետությունը` բանկային և վճարային ծառայություններից օգտվողներին ավելի լավ պաշտպանելու և երկրի ֆինանսական շուկան զարգացնելու համար: Երկարաժամկետ հեռանկարում Վրաստանի ֆինանսական շուկայի պատշաճ գործունեությունը կնպաստի ինչպես տնտեսական աճին, այնպես էլ կայունությանը և ֆինանսական շուկայի մասնակիցների ավելի լավ պաշտպանությանը:

1.75 միլիոն եվրո բյուջեով Թվինինգ ծրագիրն իրականացվել է 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում՝ ներառելով Լեհաստանի և Վրաստանի վերահսկիչ մարմինների համատեղ գործողությունները:

 

ԵՆԲ-ի և E5P բազմադոնոր հիմնադրամի աջակցությամբ կվերանորգվեն Երևանի մանկապարտեզները

Մայրաքաղաք Երևանում կվերանորոգվեն 90 մանկապարտեզներից առաջին վեցը՝ դրանց էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը և COVID-19-ով պայմանավորված իրավիճակի համատեքստում սանիտարական պայմանները բարելավելու նպատակով: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկով՝ Եվրոպական միության երաշխավորությամբ:

Մանկապարտեզների սաներն ու անձնակազմը կօգտվեն բարելավված հարմարություններից. ավելի լավ մեկուսացված պատեր, տանիքներ և առաստաղներ, նոր դռներ և պատուհաններ, ամրացված աստիճաններ, վերանորոգված ջեռուցման, հովացման և օդափոխման համակարգեր: Շենքերը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Սույն ջանքերը 15 միլիոն եվրո արժողությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մաս են կազմում, որտեղ ԵՆԲ-ի տրամադրած 7 միլիոն եվրոյի վարկին լրացնում են E5P բազմադոնորային հիմնադրամի տրամադրած 5 միլիոն եվրոյի դրամաշնորհը, ՄԱԶԾ-ի միջոցով Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ՝ GCF) տրամադրած 1 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհը և Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցները՝ 2 միլիոն եվրոյի չափով:

Շատ ավելի անվտանգ և բարենպաստ միջավայրից զատ, ԵՆԲ աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը թույլ կտա տարեկան խնայել 12,154 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա, ածխաթթու գազի տարեկան արտանետումները կրճատել 2,412 տոննայով և զգալիորեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները` նպաստելով կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը:

Asya Isoyan · Թմրամիջոցների և թմրամոլության կենտրոնը սկսում է Վրաստանի հետ համագործակցությունը