Շոկոլադի համաշխարհային գները կտրուկ աճելու են արմավենու յուղի թանկացման պատճառով, հայտնել է Bloomberg-ը: Գործակալությունը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում արմավենու յուղը, որն օգտագործվում է շոկոլադի, ատամի մածուկի, շրթներկի եւ բազմաթիվ այլ ապրանքների արտադրության մեջ, թանկացել է 120 տոկոսով, հաղորդում է Lenta-ն:
Այժմ մեկ տոննայի գինը 1,091 դոլար է. սա առավելագույն մակարդակն է: Արտադրության վրա բացասաբար են ազդում կորոնավիրուսային համաճարակի հետեւանքները, մինչդեռ հումքի պահանջարկը շարունակում է մնալ բարձր: «Ռեկորդային գնաճը անխուսափելիորեն կանդրադառնա սպառողական սովորությունների վրա», – արձանագրել է, Kaleesuwari Intercontinental առեւտրային ռազմավարության բաժնի ղեկավար Գնանասեկար Տիագարաջանը:
Արմավենու յուղի հիմնական մատակարարներն են Մալայզիան եւ Ինդոնեզիան, որոնց բաժին է ընկնում համաշխարհային շուկայի մոտավորապես 84 տոկոսը: Կորոնավիրուսի համավարակը այս երկրներում աշխատուժի պակաս է առաջացրել եւ հանգեցրել արտադրության կրճատման: Ամենամեծ սպառողները՝ Չինաստանն ու Հնդկաստանը, միաժամանակ ավելացնում են ներմուծման ծավալները:
Արմավենու յուղը դեռեւս այլընտրանք չունի: Գործակալությունը նշում է, որ այլ հումքի օգտագործումն ավելի թանկ կարժենա: Օրինակ՝ սոյայի յուղը, որը սպառման ցուցանիշով երկրորդն է, անցյալ տարի թանկացել է 150 տոկոսով, իսկ արեւածաղկի ձեթը՝ ավելի քան երկու անգամ:
Արմավենու յուղն օգտագործվում է բազմաթիվ խոշոր անդրազգային սննդամթերք արտադրողների կողմից, ինչպիսիք են Mondelez-ը եւ Nestle-ն: Այն պարունակվում է թխվածքաբլիթների, շոկոլադի, շրթներկի, դիմահարդարման եւ մաշկի խնամքի միջոցների մեջ: Բացի այդ, այն ծառայում է որպես հումք կենսավառելիքի արտադրության համար: news.am