Էմանուել Մակրոնն ասել է, որ դիտարկում է Սյունիքի սահմանների հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ, և Մակրոնի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ։ Ավելին, նա ասել է, որ դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Ասել է, որ անվտանգության ՄԱԿ–ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց` կարևոր է, որ այս թեմայով անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն։ Փաշինյանը հավելեց` Հայաստանը հետևում է այդ գործընթացներին։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։