Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը կարող է հրաժարական տալ։ Այդ մասին հայտնել է վրացական GDS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Վրաստանի արտգործնախարարը դեռ չի ընդունել Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեին պաշտոնանկ անելու մասին որոշում, թեև բացառված չէ, որ դիվանագետը զբաղեցրած պաշտոնը լքի սեփական ցանկությամբ։
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ Գեգեշիձեի հարցը էլ ավելի այժմեական է դարձել այսօր, երբ ԱՄՆ-ում վրացական դիվանագիտական առաքելության ղեկավարը չի հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումներից և ոչ մեկում։
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին չի բացատրել դեսպանի պահվածքը։ Դրա հետ մեկտեղ նա նախօրեին հայտնել էր, որ այն բանից հետո, ինչ Գեգեշիձեն կվերադառնա հայրենիք, կքննարկվի նաև նրա հրաժարականի հարցը։
Բանն այն է, որ Արչիլ Գեգեշիձեն օրեր առաջ հայտարարել էր, որ Վրաստանի իշխող թիմում այսօր կան ռուսամետ ուժեր, ինչը վկայում է երկրում բազմակարծության առկայության մասին։ Վրացի դեսպանի տվյալ հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Վրաստանի քաղաքական շրջանակներում։