
Երկարատեւ աշխատանքային օրը տարեկան հարյուր հազարավոր մարդկանց է սպանում: ԱՀԿ-ի տվյալներով՝ իր տեսակի մեջ առաջին համաշխարհային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկարատեւ աշխատանքային օրվա պատճառով 2016-ին 745 000 մարդ է մահացել ինսուլտից եւ սրտային հիվանդություններից:
Զեկույցում ասվում է, որ առավել շատ տուժել են Հարավարեւելյան Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան տարածաշրջանում ապրող մարդիկ:
ԱՀԿ-ն նաեւ հայտարարել է, որ այս միտումը կարող է վատթարանալ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական 55 ժամ կամ ավելի աշխատելը կապված է ինսուլտից 35%-ով եւ սրտի հիվանդություններից 17%-ով մահվան ավելի բարձր ռիսկի հետ՝ համեմատած 35-40 ժամ տեւողությամբ աշխատանքային շաբաթվա հետ:
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անցկացրած ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ երկարատեւ աշխատանքի հետեւանքով մահացածների գրեթե երեք քառորդը միջին տարիքի եւ տարեց տղամարդիկ են եղել: news.am