Մայիսի 18-ին, Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն և Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության ներկայացուցիչ Կոնստանտինե Խուցաիձեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչներին ծանոթացրեցին նախարարության նոր նախագծի հետ, որն ուղղված է Փարվանա լճի ներուժն արդյունավետ օգտագործելուն: Բնակչությանը դուր չեկավ այդ նախագիծը։
Բնակչության հետ հանդիպմանը, բացի Թբիլիսիից ժամանած հյուրերից, մասնակցում էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, համամասնական ընտրակարգով պատգամավոր Սումբաթ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը եւ ուրիշներ։
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը նախագիծ է մշակում, համաձայն որի, Փարվանա լճի ներուժը կօգտագործվի ամբողջովին և արդյունավետ։ Նախարարությունը վստահ է, որ այդ դեպքում բնակչությունն ավելի շատ շահույթ կստանա: Նախարարությունը դրան հասնելու միակ ճանապարհը տեսնում է կոոպերատիվների ստեղծման մեջ:
Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն հանդիպման ժամանակ ասաց, որ Փարվանա լիճը մեծ հեռանկարներ ունի, և նրանք ցանկանում են զարգացնել լճի ձկնային տնեսությունը:
«Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ տեղացիներն օգտվեն Փարվանա լճից, և ստացվող շահույթը բաժանվի բնակչության միջև: Մեզ համար կարևոր է, որ Փարվանա լիճն ունենա երկարաժամկետ հեռանկար, որպեսզի բնակչությունն ունենա կայուն եկամուտ: Մեր հիմնական նպատակը դա է, և մենք կհասնենք դրան։ Ուզում եմ շեշտել, որ այս ամենը կարելի է անել միավորվելով կոոպերատիվում: Եվ պետության համար հեշտ կլինի բնակչության հետ շփվելը: Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք տեղի բնակիչներին, որպեսզի վերջիններս զարգացնեն Փարվանան », – ասաց Յուրի Նոզաձեն:
«Երբ ծրագիրն իրականացվի, այն կնպաստի լուրջ եկամտին, փոխշահավետ կլինի ոչ միայն բնակչության, այլև պետության համար: Մենք ունենք տվյալներ, թե ովքեր են կոնկրետ ներգրավված այդ գործում: Նախագծի շրջանակներում բոլոր ռեսուրսները կօգտագործվեն: », – ասաց Գյուղատնտեսության գործակալության ներկայաղուցիչ Կոնստանտինե Խուցաիձեն։
Գյուղացիներին դեռևս դուր չեկավ կոոպերատիվներ ստեղծելու գաղափարը: Ընդհանուր առմամբ, նրանք դեմ էին Փարվանա լճի վրա իրականացվող ցանկացած նախագծի:
Նշենք, որ Փարվանա լճից օգտվում են շրջանի մոտ 6 գյուղեր, որոնց համար ձուկը հանդիսանում է եկամտի աղբյուր:
«Մենք ապրում ենք դրանով, ինչ են մեզանից ուզում, մենք չենք ուզում, թող մնա ինչպես կա: Մենք լճի պատճառով ենք մնացել այստեղ, այլկերպ այստեղ ապրելն անհնար է: Հիմա էլ ուզում են մեր հացը խլել », – ասաց Փոկա գյուղի բնակիչ Բաբաջանյան Բարսեղը:
«Մենք կոոպերատիվ չենք ուզում: Եթե կարող եք օգնեք: Ձուկ չկա, արոտավայրներ չկան, հողեր չունենք, մենք այս լճով ենք ապրում: Այստեղ շուրջ 8 ամիս ձմեռ է: Կոոպերատիվներ կստեղծեն, հետո մեզ կարգելեն ձուկ բռնել », – ասաց Նաիրի Տոնականյանը:
«Նրանք ուզում են որ մենք հարկեր վճարենք: Ես շատ քիչ գումար եմ վաստակում հարկ վճարելու համար», – ասաց Փոկա գյուղի մեկ այլ բնակիչ:
Գյուղատնտեսության գործակալության ներկայացուցիչը և փոխնախարարը կարծում են, որ բնակիչները համաձայն չեն, քանի որ չունեն ամբողջական տեղեկատվություն, և որ անհրաժեշտ է ավելի մանրամասն բացատրել և իրազեկել բնակիչներին:
«Կարծում եմ, որ մենք պետք է ևս մի քանի հանդիպում անցկացնենք, որպեսզի ավելի մանրամասն ծանոթացնենք մեր անելիքների մասին: Ես այստեղ թերհասկացություն եմ տեսնում: Նրանք դեմ են կոոպերատիվներին, բայց համաշխարհային արտադրության 70% -ը ստեղծվում է կոոպերատիվների միջոցով: Նրանք կարծում են, որ կոոպերատիվը պետությունն է », – ասում է Կոնստանտինե Խուցաիձեն:
Փոկա գյուղի բնակիչներն իրենց անվստահությունը հայտնեցին այս նախագծին և առհասարակ պետական նախագծրերին: Յուրի Նոզաձեն դա բացատրում է նրանով, որ բնակչությունը ծանոթ չէ պետական նախագծերին:
«Ցավոք, շատերը չեն հասկանում կոոպերատիվի իմաստը: Նրանք չեն վստահում: Հուսով ենք, որ կվերականգնենք վստահությունը և կիրականացնենք այս նախագիծը, քանի որ Փարվանա լիճը մեծ հեռանկար ունի: Մենք պայմանավորվեցինք, որ նախագիծը կներկայացնենք այն մարդկանց, ովքեր այս գործում են: Մենք նրանց կբացատրենք, թե ինչումն է կայանում կառավարության օգնությունը, այնուհետև նախագիծը կներկայացնենք բոլորին: Այսօր մեզ չհաջողվեց, քանի որ նրանք իրենց տեսակետներն ունեն, և նրանք մեզ չլսեցին », – ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն: