Քաղցկեղի դեպքում COVID-19-ի դեմ պատվաստել, թե ոչ

Քաղցկեղի դեպքում COVID-19-ի դեմ պատվաստել, թե ոչ

COVID-19 համաճարակը, որն առաջացել է SARS-CoV-2 վիրուսով, շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ շատ մարդկանց վրա, ներառյալ քաղցկեղով հիվանդների, նրանց ընտանիքների և խնամակալների:

Պատվաստանյութերը օգտագործվում են՝ օգնելու անձի իմունային համակարգին ճանաչել և պաշտպանվել որոշակի վարակներից: Պատվաստանյութերն այժմ հասանելի են COVID-19- ից պաշտպանվելու համար: Այստեղ մենք կքննարկենք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ քաղցկեղով տառապող մարդկանց (կամ քաղցկեղի պատմություն ունեցող) մի քանի հարցեր:

Բազմաթիվ փորձագիտական ​​բժշկական խմբեր խորհուրդ են տալիս, որ քաղցկեղով հիվանդ կամ հիվանդության պատմություն ունեցող պացիենտներից շատերը պետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Քանի որ յուրաքանչյուր մարդու համար իրավիճակը տարբեր է, անհրաժեշտ է COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալու ռիսկերն ու օգուտները քննարկել օնկոլոգի հետ: ԱՀԿ-ի կողմից դեռևս առկա չեն հստակ ուղեցույցներ քաղցկեղով հիվանդներին COVID-19 պատվաստումների վերաբերյալ:

Հարց 1. Պետք է արդյո՞ք քաղցկեղ ախտորոշված պացիենտները պատվաստվեն:

Քաղցկեղ ունեցող և արդեն իսկ ապաքինված պացիենտների մեծ մասը պետք է պատվաստվի SARS-CoV-2-ի դեմ: Չնայած այն հանգամանքին, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը հիմնականում փորձարկվել են չարորակ գոյացություններ չունեցող անձանց մոտ, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ առկա տվյալները հաստատում են դրանց կիրառումը նաև այս խմբի մարդկանց համար:

Հարց 2. Պացիենտների ո՞ր խումբը պետք է առավել ուշադիր լինի:

Քաղցկեղ ունեցող պացիենտների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կիրառման վերաբերյալ տվյալները շատ չեն: Քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող, արյան չարորակ հիվանդությունների հնարավոր կողմնակի ազդեցությունները լավ ուսումնասիրված չեն: Դեղային բուժման մի քանի տեսակներ, օրինակ իմունաթերապիան, կարող են ցիտոկինների ավելացման և իմունիտետի լարման հանգեցնել՝ առաջ բերելով ոչ ցանկալի իմունային արձագանք: Այնուամենայնիվ, քաղցկեղածին վիրուսների պատվաստումների և իմունաթերապիայի համադրման, ինչպես նաև այլ վիրուսների (օր՝ գրիպ) դեմ իրականացվող պատվաստումների վերաբերյալ տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ կորոնավիրուսային պատվաստումը նույնպես անվտանգ է ուղեկցող թերապիայի հետ: Որոշ դեպքերում հնարավոր է հետաձգել պատվաստումը մինչ պացիենտի վերականգնումը կամ ոչ ցանկալի երևույթների վերացումը: Բուժող բժիշկը կարող է խորհուրդ տալ այս հարցում:
Բնածին կամ ձեռքբերովի իմունա­դեֆիցիտները՝ պայմանավորված ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետ՝ ՁԻԱՀ), օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառա­գայթային բուժումով, իմունա­սուպրե­սիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ՝ կորտիկոստերոիդներով 2 շաբաթ և ավելի տևողությամբ՝ 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն)՝ կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ԿԿԽ, ԿԿ, Ռոտայի, տուլարեմիայի) համար ժամանակավոր հակացուցում են: Կորոնավիրուսային վարակի դեմ այսօր առկա բոլոր պատվաստանյութերը անկենդան են և պատվաստման հակացուցում չեն:
Հարց 3. Ի՞նչ պետք է անեն պատվաստված պացիենտները:

Քաղցկեղ ունեցող և հատկապես բուժման ակտիվ գործընթացում գտնվող պացիենտները պետք է մշտադիտարկվեն: Հետպատվաստումային անցանկալի կողմնակի երևույթների ի հայտ գալու դեպքում պացիենտը պետք է արագ դիմի ուռուցքաբանական մասնագիտացված կենտրոն, որտեղ բժիշկը կգնահատի իրավիճակն ու անհրաժեշտ բուժում կնշանակի:

Հարց 4 Որո՞նք են պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները:

Պատվաստանյութեր ստանալուց հետո արձանագրված ընդհանուր կողմնակի բարդությունները ներառում են`

Ներարկման տեղում ցավ, կարմրություն կամ այտուց
Հոգնածության զգացում
Գլխացավ
Ջերմություն
Սարսուռ
Մկանների և հոդերի ցավ
Սրտխառնոց
Պատվաստանյութերի համար, որոնք պահանջում են երկու ներարկում, երկրորդ ներարկումից հետո կողմնակի ազդեցությունները կարող են մի փոքր ուժեղ լինել, համեմատած այն բանի հետ, որը դուք ունեցել եք առաջին ներարկումից հետո: Ընդհանուր առմամբ, կողմնակի բարդությունները մի քանի օրվա ընթացքում վերանում են:

COVID-19-ի դեմ այս բոլոր պատվաստանյութերը դեռ բավականին նոր են, ուստի հնարավոր երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները դեռ ուսումնասիրվում են, և հնարավոր է, որ տարբեր պատվաստանյութերի վերաբերյալ ցուցումները կարող են փոխվել: Եթե մտահոգություններ ունեք COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու վերաբերյալ, կարևոր էք խոսել ձեր բժշկի հետ: