Եթե Վրաստանի կառավարությունը չորոշի շարունակել ցորենի ալյուրի նոր պայմաններով սուբսիդավորումը, հուլիսին Վրաստանում հացը կարող է թանկանալ 10-15 թեթրիով, ասել է Վրաստանի հացթուխների միության նախագահ Մալխազ Դոլիձեն:
Վրաստանում հացի գնի բարձրացումից խուսափելու համար իշխանությունները որոշեցին սուբսիդավորել առաջին կարգի ցորենի ալյուրը: 4 ամսվա ընթացքում, մինչև մարտի 31-ը, առաջին դասի 50 կիլոգրամ քաշով մեկ պարկ ալյուրի սուբսիդիան 10 էր, իսկ հետո 15 լարի: Հետագայում սուբսիդիան երկարաձգվեց մինչև հունիսի 30-ը, և սուբսիդիայի չափը հասցվեց 20 լարիի:
«Հացի փռերը հնարավորինս ցածր են պահում հացի գները: Բայց այնպիսի ապրանքների գների աճի պայմաններում, ինչպիսիք են արեւածաղկի ձեթը, աղը, խմորիչը, ալյուրի սուբսիդիայի չափը բավարար չէ ավելացված ծախսերը փոխհատուցելու համար: Մենք առաջարկում ենք կա՛մ հացի ինքնարժեքը բարձրացնել 10 թեթրիով, կա՛մ եթե սուբսիդավորումը շարունակվի, ապա ալյուրը տալ ոչ թե 53 լարիով, այլ 50-ով », – ասել է Դոլիձեն:
Ալրաղացների համար 50 կիլոգրամանոց առաջին դասի ալյուրի ֆիքսված գինը սահմանվում է 53 լարի (15,7 դոլար): Այսինքն՝ այն ալրաղացները, որոնք առաջին կարգի ալյուրը հացի փռերին վաճառում են մեկ պարկը 53 լարիով, սուբսիդավորվում է կառավարության կողմից: Ծրագրի մասնակիցները ալրաղացներ են, որոնք շահել են Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղի զարգացման գործակալության կողմից հայտարարված մրցույթը:
Վրաստանի հացթուխների միությունը հանդիպումներ է անցկացրել գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ և խոսել ծանր իրավիճակի մասին: Ի՞նչ որոշում կկայացնեն իշխանությունները, դեռ հայտնի չէ: Սուբսիդիաների ավարտին մնացել է մեկ ամսից մի փոքր ավելին, ծրագիրը ավարտվում է հուլիսի 1-ին:
Հացահատիկային և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լեւան Սիլագավան կարծում է, որ գուցե սուբսիդիաների կարիք չլինի, քանի որ ցորենի ինքնարժեքը համաշխարհային շուկաներում նվազում է:
«Եթե ցորենը էժանանա, ապա գուցե սուբսիդիայի կարիք չլինի, քանի որ դա հավասարակշռելու է այլ ծախսերը: Հունիսի 15-ին, հավանաբար, տեղի կունենա հանդիպում կառավարության հետ, որը կքննարկի այդ հարցը», – ասել է Սիլագավան:
Հաշվի առնելով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, հացի գինը զգայուն խնդիր է Վրաստանի բնակիչների համար: Եթե սուբսիդիան չլիներ, մեկ հատ սպիտակ հացը կթանկանար 0,15-0,20 լարիով: Այսօր հանրապետության բնակիչների համար ամենապահանջված սոցիալական հացն արժե մոտ 0,80 լարի: