Եվրոպական երկրները բախվել են որակավորված աշխատուժի դեֆիցիտի հետ: Տարբեր ոլորտներում մասնագետների պակասը ավելանում է կորոնավիրուսի հետեւանքով փակ սահմանների պատճառով, գրում է Լենտա-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Եվրամիության (ԵՄ) երկրներում գործազրկության մակարդակը գերազանցում է յոթ տոկոսը: Փորձագետների կարծիքով՝ իրավիճակը կկայունանա եւ կվերադառնա նախահամաճարակային մակարդակին 2023 թվականից ոչ շուտ:
COVID-19-ի հետ կապված արգելքների պատճառով շատերը չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Համալսարանները խիստ կրճատել են օտարերկրացի ուսանողների ընդունելությունը: Brexit-ը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծել՝ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն փոխադարձ արգելքներ են սահմանել աշխատուժի տեղաշարժի եւ որոշ որակավորումների ճանաչման համար:
Աշխատուժի հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն, երբ ԵՄ-ն գործարկի 800 միլիարդ եվրո արժողությամբ բնապահպանական եւ թվային ոլորտների աջակցության ծրագիրը: Այս ոլորտներում աշխատելու համար կպահանջվեն մասնագիտացված կադրեր:
«Եվրոպայում խնդիրները կառուցվածքային բնույթ ունեն, ինչը հատկապես նկատելի է տեխնիկական մասնագիտություններում, թվային, ինչպես նաեւ «կանաչ» տնտեսության ոլորտներում: Ակնկալվում է, որ որակավորված աշխատողների մեծ պահանջարկ կլինի: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես այն բավարարել», – ասել է Քյոլնի համալսարանի տնտեսագետ Ակսել Պլուենեկեն:
Միգրացիան դեպի Գերմանիա 2020 թվականին նվազել է մոտ մեկ երրորդով: Նորվեգիան չունի հյուրընկալության ոլորտում մասնագիտացված աշխատողներ, եւ երկիր մուտքի սահմանափակումների պատճառով չկան օտարերկրացի զբոսավարներ: Մարտկոցներ արտադրող շվեդական Northvolt AB ընկերությունը 3000 աշխատող է փնտրում Շելեֆտեո քաղաքում կառուցվող գործարանի համար: ԵՄ-ի՝ 2020 թվականի դեկտեմբերի զեկույցում արձանագրվել է աշխատուժի դեֆիցիտ շինարարության, նախագծման, ծրագրային ապահովման եւ առողջապահության ոլորտներում:
«Ընկերությունների եւ երկրների համար խնդիր է աշխատատեղերի կրճատումը աշխատատեղերի ստեղծման հետ համապատասխանեցնելը: Կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում շարժունակության, սպառման մեջ, ինչը ազդելու է աշխատատեղերի վրա», – ասել է շվեյցարական Adecco Group AG կադրային գործակալության գործադիր տնօրեն Ալեն Դեհազը:
Ինչեւէ, որոշ պետություններ կկարողանան օգտվել աշխատաշուկայի ճգնաժամից, ասում են փորձագետները: Լեհաստանը, Ռումինիան եւ Իտալիան կկարողանան մնալ իրենց բարձր որակավորում ունեցող աշխատուժի հետ, որը սովորաբար աշխատանք է փնտրում եվրոպական այլ երկրներում:
Աշխատաշուկայում խնդիրների են բախվում եվրոպական գրեթե բոլոր երկրները: Ամենաբարդ իրավիճակում Իսպանիան եւ Իտալիան են, որտեղ գործազրկությունը կազմում է համապատասխանաբար 16,1 եւ 10,2 տոկոս: Գործազրկության առաջիկա ալիքը հաստատում են նաեւ Euler Hermes ապահովագրական ընկերության փորձագետները: Կազմակերպության կանխատեսումների համաձայն` գործազրկության աճը մինչհամաճարակային մակարդակի համեմատ կկազմի շուրջ 38 տոկոս: news.am