2021 թ. մայիսի 5-ին Բաթումում հանրությանը ներկայացվեց Ճորոխ – Աջարիսծկալի գետային ավազանի կառավարման պլանը, որը թարմացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ջրային նախաձեռնություն պլյուս՝ Արևելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի աջակցությամբ:
Մարդկանց և տնտեսությանն արժեքավոր ծառայություններ մատուցելու նպատակով առափնյա ջրերի առողջ էկոհամակարգերի պահպանման ուղղությամբ առաջարկվող միջոցառումների մասին իրենց կարծիքը հայտնելու համար, ընդհանուր առմամբ, հրավիրվել էին 30 մասնակիցներ, այդ թվում՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության և խորհրդարանի անդամներ, համայնքային իշխանությունների, ջրային ռեսուրսների և թափոնների կառավարմամբ զբաղվող ընկերությունների, Բաթումի նավահանգստի ղեկավարության և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև բնապահպանական ասոցիացիաների և համալսարանների ներկայացուցիչներ:
Ճորոխ – Աջարիսծկալի գետային ավազանի կառավարման պլանն ի սկզբանե մշակվել է 2016 թվականին՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի շրջանակներում: «ԵՄՋՆ+»-ը աջակցեց պլանի թարմացմանը՝ առափնյա և անցումային ջրային մարմինների սահմանազատման մեթոդաբանություն տրամադրելու միջոցով: Նախաձեռնությունն աջակցեց 2019 և 2020 թվականներին առափնյա և անցումային ջրերի մի շարք դաշտային հետազոտությունների կազմակերպմանը և ներկայացրեց առաջարկություններ՝ մշտադիտարկման ասպեկտների և բնապահպանական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումների առումով:
Վերջին տասը տարվա ընթացքում ԵՄ-ն իր «Ջրային նախաձեռնություն պլյուս՝ Արևելյան գործընկերության համար» (ԵՄՋՆ+) ծրագրի միջոցով նշանակալի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել ջրային քաղաքականության բարելավմանը՝ ի շահ վրաց ժողովրդի և շրջակա միջավայրի:
Վրաստանը հայտարարեց «EU4Climate» նախագծի շրջանակներում մշակված ազգային կլիմայական նոր նպատակների մասին
Վրաստանը թարմացրել է իր ազգային մակարդակով սահմանված գործողությունները (NDC)՝ ստանձնելով ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները նվազեցնելու հանձնառություն: ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Climate» նախագծի աջակցությամբ, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Վրաստանի կառավարությունը հաստատված NDC-ները մայիսի 5-ին ներկայացրեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային (UNFCCC):
Նորացված NDC-ներով Վրաստանը պարտավորվել է մինչև 2030 թվականը 35 տոկոսով անվերապահորեն իջեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները՝ 1990 թվականի բազային ցուցանիշի համեմատ (մեկ շնչի հաշվով մոտ 16 տոկոսի չափով նվազում): Երկիրը նաև արտանետումների սահմանափակման իրագործելի թիրախներ է սահմանում յոթ ոլորտներում (տրանսպորտ, շենք – շինություններ, էներգիայի արտադրություն և փոխանցում, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, թափոններ և անտառային տնտեսություն): Սա նախնական մակարդակից արտանետումների կրճատում է ենթադրում տրանսպորտի և էներգիայի արտադրության ու դրա փոխանցման ոլորտներում՝ 15 տոկոսով, անտառային տնտեսության ոլորտում՝ 10 տոկոսով, իսկ արդյունաբերության ոլորտում՝ 5 տոկոսով: Վրաստանի նոր կլիմայական խոստումը զարգացման ցածր ածխածնային մոտեցումների որդեգրում է ենթադրում նաև շինարարության, թափոնների կառավարման ու գյուղատնտեսության ոլորտներում:
Իր NDC-ները համարձակորեն թարմացնելով՝ Վրաստանը վերահաստատեց 2015 թ.-ի Փարիզի նշանավոր համաձայնագրին իր հավատարմությունը, որով համաշխարհային առաջնորդները համաձայնեցին զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ միաժամանակ ձգտելով ավելի ապահով 1.5 աստիճանի:
Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ. շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումները Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում
Ապրիլի վերջին Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցան «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագրի շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումները: ԵՄ կողմից վերջինիս «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության ներքո ֆինանսավորվող ծրագիրը նշված երկրների ընկերություններին կօգնի ծանոթանալ ԵՄ անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության տարածաշրջանում առևտրային հնարավորություններին։
«Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը մեկնարկել է 2019 թ․-ի վերջին և իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության համատեղ գործակալություն է։ Այն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։ Հինգ տարի տևողությամբ այս ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և հատկապես առևտրային կապերը Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրոպական միության միջև, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանում։ Առցանց օժանդակման հարթակը ընկերություններին հնարավորություն կտա տեղեկացնել ներմուծման և արտահանման վերաբերյալ խնդիրների մասին ու գործնական լուծումներ ստանալ համապատասխան պետական կառույցների կողմից։
Ավելին, ծրագրի շրջանակում կիրականացվեն ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ հարցումներ, որոնք վեր կհանեն իրավաօրենսդրական և ընթացակարգային առևտրային խոչընդոտները։ Կտրամադրվեն նաև ոլորտային ուղեցույցեր ԵՄ արտահանելու վերաբերյալ։ Համապատասխան պետական կառույցներն ավելի պատրաստված կլինեն ընտրված ծառայությունների ոլորտներին առնչվող տվյալներ հավաքագրելու և մշակելու համար, մինչդեռ ընկերությունները և բիզնեսի աջակցման կազմակերպությունները կմասնակցեն շուկայական վերլուծությունների վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացների՝ տարածաշրջանում և ԵՄ-ում առևտրային նոր հնարավորություններին ծանոթանալու համար։
ԵՄ-ն և ՄԱԾԶ-ն Վրաստանին օգնում են մշակել միջնորդության ձեռնարկ
ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն Վրաստանին օգնել են մշակել միջնորդության ձեռնարկ, որը կօգնի լուծել վեճերը և խուսափել դատական գործընթացներից:
Ձեռնարկը բացատրում է, թե ինչպես է գործում միջնորդության ինստիտուտը: Այն պարունակում է գործնական ուղեցույց դատական միջնորդության կենտրոնների, դատավորների, միջնորդների, միջնորդ կողմերի և նրանց ներկայացուցիչների համար: Փաստաթուղթը հասանելի է վրացերեն լեզվով:
Ձեռնարկը պատրաստվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի միջնորդության կենտրոնի կողմից և հիմնված է վերջինիս միջնորդական փորձի վրա, ինչպես նաև համահունչ է երկրի Միջնորդության մասին օրենքին ու Քաղաքացիական դատավարության օրենսգրքին:
Սույն աջակցությունն իրականացվել է Վրաստանի արդարադատության համակարգը վրաց ժողովրդի համար ավելի աշխատուն դարձնելուն ուղղված ԵՄ ջանքերի շրջանակներում:
EFSE-ն և Credo Bank-ը տեղական արժույթով կայուն ֆինանսավորմամբ կաջակցեն Վրաստանի գյուղական շրջանների ՓՄՁ-ներին
Մայիսի 17-ին Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ՝ EFSE) տեղական արժույթին համարժեք 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրեց Վրաստանում իր նոր գործընկեր Credo Bank-ին` գյուղական ձեռնարկությունների վարկավորման համար: Բարձրացնելով գերփոքր և փոքր ձեռնարկությունների տեղական արժույթով ֆինանսավորման խիստ անհրաժեշտ մատչելիությունը՝ գործընկերները նպատակ ունեն աջակցել եկամուտների և բիզնեսի աճին, հատկապես՝ COVID-19 համավարակի ընթացքում:
Credo Bank-ը Վրաստանում ՓՄՁ-ներին, այդ թվում՝ ֆերմերներին ու գյուղարտադրողներին անհատական գործարար ֆինանսավորման տրամադրման առաջատարն է: Բանկի լայն մասնաճյուղային ցանցը և տվյալ հատվածի վրա ռազմավարական կենտրոնացումը վերջինիս օպտիմալ խողովակ են դարձնում EFSE-ի համար՝ ազդեցության ներդրումները գյուղական ձեռնարկատերերին հասցնելու համար: Վերջիններս այլ իրավիճակում կարող են դժվարությունների հանդիպել՝ պաշտոնական բանկային ծառայությունների մատչելիության առումով:
«Վրաստանի գյուղական բնակավայրերում զբաղվածության և եկամտի ստեղծման աղբյուրի երկու երրորդը կազմում են գերփոքր և փոքր ձեռնարկությունները, մասնավորապես՝ ֆերմերները: Ուստի, նրանց ֆինանսական «առողջությունը» անմիջական կապ ունի ամբողջ տնտեսության կայունության հետ: EFSE-ն ուրախ է համագործակցել Credo Bank հետ` ապահովելու, որպեսզի փոքր բիզնեսների սեփականատերերն իրենց գործառնությունները շարունակելու համար անհրաժեշտ ռեսուրսների մատչելիություն ունենան` առանց փոխարժեքի տատանումների ռիսկի հետ կապված մտավախության», – նշել է EFSE-ի խորհրդի նախագահ Կլաուս Մյուլլերը:
Գործընկերներին տեղական արժույթով ֆինանսավորելու EFSE-ի կարողությունն ամրապնդվեց «ԵՄ-ն բիզնես համար» նախաձեռնության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ներդրումներին հաշվին:
ԵՄ կողմից ֆինանսավորվող պարգևներ՝ պատասխանատու բիզնեսին
Մայիսի 19-ին առցանց կարգով տեղի ունեցավ «Վրաստանի պատասխանատու բիզնեսի «Meliora» մրցանակաբաշխություն 2020» արարողությունը: «Meliora 2020»-ի ուշադրության կենտրոնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն էր (ԿՍՊ)՝ COVID-19 համավարակի լույսի ներքո: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում էր երրորդ անգամ՝ Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի կողմից, Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի (Գերմանիա) օժանդակությամբ:
«Բիզնեսի համար ԿՍՊ-ն ապագայամետ ռազմավարություն է: Ինչպես աշխատողները, այնպես էլ սպառողներն ավելի պահանջկոտ են դառնում, որպեսզի ընկերությունները բարելավեն իրենց թափանցիկությունն ու ակտիվ դեր ունենան մարդու իրավունքների, սոցիալական, մշակութային և բնապահպանական խնդիրների լուծման գործում: ԿՍՊ-ն կարող է դյուրացնել եվրոպական շուկաների հետ փոխհարաբերություններն ու օգնել վրացական բիզնեսին օգտվել մեր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ներքո եղած հնարավորություններից» – նշել է Վրաստանում Եվրոպական միության դեսպան Կառլ Հարցելը:
Հաղթողները պարգևատրվեցին COVID-19 համավարակի ընթացքում ցուցաբերած աջակցության համար` չորս անվանակարգերում. «Աջակցություն աշխատակիցներին», «Աջակցություն հաճախորդներին, սպառողներին և մատակարարներին», «Աջակցություն հասարակությանը / համայնքներին» և «Աջակցություն ՓՄՁ-ներին ու առավել տուժած ոլորտներին»:
Մրցանակաբաշխության ծրագիրը մեկնարկել է 2018 թ.-ին: Այն անցկացվում է միջազգային և տեղական փորձագիտական կազմակերպությունների ու գործարար հարթակների հետ համագործակցությամբ: Այս երեք տարվա ընթացքում տարբեր մեծության բազմաթիվ բիզնես ընկերություններ են մասնակցել մրցանակաբաշխությանը՝ ավելի քան 200 ԿՍՊ նախագծերով:
Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը մայիսի 17-ին ավարտին է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից կարիքավորներին հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։
Հաշվի առնելով COVID-19 համավարակի տարածումը՝ հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝ տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները: Ֆինանսավորման միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում:
«Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ Եվրամիությունը շարունակում է տարածաշրջանում աշխատանք տանել հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայության ուղղություններով»,- նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:
ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ:
Վեց շաբաթ շարունակ անդադար մոլեգնող վերջին ռազմական առճակատումը Հայաստանում և Ադրբեջանում պատճառել է մեծաքանակ մարդկային զոհեր, էական վնասներ և տեղական բնակչության տեղահանություն: Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներից դրդված լքել են իրենց տները, նրանցից ոմանք շարունակում են մնալ տեղահանված և երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա վերադառնալ իրենց տները:
Amber Capital Armenia մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արևային էլեկտրակայանի հայկական օպերատոր «Սոլիս» ընկերությանը՝ Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայան կառուցելու ևշահագործելու համար: Սա ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ գործող հիմնադրամի ներդրումն է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում
Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչև 2021թ. ավարտը և կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը և կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության ու էլեկտրակայանի շահագործման ոլորտում։
Սա առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից և կառավարվում Amber Capital-ի կողմից։ Մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը ձգտում է Հայաստանում ներդրումներ կատարել կենսունակ փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ): Այս ծրագրի ֆինանսավորումը կիրականացնի Ամերիաբանկը։
Մայիսի 17-ին Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական խորհուրդը համաձայնեցրին երրորդ երկրներից բարձր որակավորում ունեցող աշխատողների ԵՄ մուտքի և բնակության նոր կանոնները՝ «Կապույտ քարտի» մասին վերանայված հրահանգի համաձայն:
Նոր կանոնները կօգնեն ԵՄ ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների. ընդունման պայմանները դառնում են ավելի ճկուն, իսկ աշխատողները ավելի շատ իրավունքներ և հնարավորություններ կստանան՝ կապված Եվրոպական միության տարբեր երկրներում աշխատանքի և տեղաշարժի հետ:
«Աշխատանքային միգրանտներն արդեն իսկ կարևոր ներդրում են ունենում ԵՄ տնտեսության մեջ: Բայց այն փաստը, որ Եվրոպայում բնակչության թվաքանակը կրճատվում և ծերանում է, նշանակում է, որ մենք պետք է շարունակենք հմտություններ և տաղանդներ ունեցող մարդկանց ներգրավել դրսից: Այսօրվա համաձայնությունը Միգրացիայի և ապաստանի մասին նոր դաշնագրի առանցքային տարրն է, որը մեզ թույլ կտա կարգավորել միգրացիոն քաղաքականությունը», – հայտարարել է ներքին գործերի հարցերով Եվրոպական հանձնաժողովի անդամ Իլվա Յոհանսոնը:
Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական խորհուրդը պետք է պաշտոնապես հաստատեն քաղաքական համաձայնությունը՝ «Կապույտ քարտերի» մասին ԵՄ հրահանգի ընդունմամբ: Դրանից հետո ԵՄ երկրները պետք է իրենց օրենսդրությունը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնեն այդ հրահանգին:
Նոր եվրոպական Բաուհաուզի մրցանակներ
Եվրոպական հանձնաժողովի կողմից մեկնարկած Նոր եվրոպական Բաուհաուզը հավակնում է «Կանաչ գործարքը» վերածել մշակութային, մարդակենտրոն, դրական և շոշափելի փորձի:
Մրցանակները ճանաչման ու պատվի են արժանացնում առկա ձեռքբերումները և աջակցում մատաղ սերնդին՝ նոր հղացքների ու գաղափարների զարգացման գործում: Դրանք տեսանելիություն են հաղորդում այն օրինակներին և հղացքներին, որոնք ցույց են տալիս, թե որքան գեղեցիկ, կայուն ու ներառական վայրեր կան մեր միջավայրերում, համայնքներում և առօրյայում՝ ճանապարհ հարթելով դեպի ապագա:
Նշված օրինակները կա՛մ արդեն պետք է իրականացված լինեն, կա՛մ, եթե ներկայացվում են ուսանողների ու երիտասարդ մասնագետների կողմից (30 տարեկան և ցածր), պետք է ապագայի ճանապարհ հարթեն:
Մրցանակները հանձնվելու են 10 տարբեր անվանակարգերում: Դրանցից յուրաքանչյուրում կան երկու զուգահեռ մրցակցային ուղղություններ.
Մրցույթին կարող են դիմել
Մրցանակներն են՝
Մայիսի 28-ին միացիր «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական օրվան
Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի պետական և մասնավոր հատվածների բոլոր հետազոտողներին հրավիրում է մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական օրվան: Առցանց միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին:
Տեղեկատվության օրը կազմակերպվում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ, որը Վրաստանում «Հորիզոն Եվրոպա»-ի ազգային կոնտակտային կետերի համակարգողն է: Միջոցառումը նպատակ ունի աջակցել ԵՄ «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին ու Եվրոպական հետազոտական տարածքին Վրաստանի հաջող մասնակցությանը:
Տեղեկատվական օրը մասնակիցներին հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ և հարցեր հնչեցնել «Հորիզոն Եվրոպա»-ի կառուցվածքի և հայտամրցույթներին մասնակցելու պայմանների վերաբերյալ: Հատուկ նստաշրջաններում կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա»-ի տարբեր բաղկացուցիչները, ինչպիսիք են՝ «Կլաստերներ և առաքելություններ»-ը (օրինակ՝ առողջապահություն, կլիմա և սնունդ), «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ»-ը, «Եվրոպական հետազոտական խորհուրդ»-ը և «Ընդլայնված մասնակցություն»-ը: