Հերթական ռադիոծրագրում ներկայացնում ենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հանդեպ բնակչության վերաբերմունքի մասին։
Բնակիչների վերաբերմունքը պատվաստանյութերի հանդեպ շարունակում է բացասական մնալ։ Ոչ ոք չգիտի թե պատվաստանյութը իր մեջ ինչ նյութեր է պարունակում, տեղեկացված չեն և այն կարծիքին են, որ պատվաստումը իրենց կհասցնի մահվան դուռը։ Անգամ մեր զրուցակիցներից մեկը նշում է. «Ինչ տարբերություն հենց այնպես եմ մահացել թե պատվաստումից հետո, այնպես որ տարբերություն չկա, պատրաստ եմ պատվաստվել»։
Սակայն կան շատ քիչ մարդիկ, ովքեր նշում են, որ պատրաստ են պատվաստվել եւ ապրել ազատ։
Այս թեմայով մենք տաղավար էինք հրավիրել մանկավարժ հոգեբան Մարիետա Ռաշոյանին, պարզելու համար թե հոգեբանորեն մարդիկ որքան են պատրաստ պատվաստվելուն և որն է պատճառը, որ բնակիչները չեն պատվաստվում։ Հոգեբանը հիմնական պատճառը անվանեց վախը, որը մարդկանց մեջ մտնում է անտեղյակությունից և պատվաստումների շուրջ պտտվող «լեգենդներից», ըստ այդմ էլ բնակիչները խուսափում են պատվաստումներից և հոգեբանորեն խուճապի են մատնվում։ Հոգեբանը ասում է, որ այս հիվանդությունից, այդ վախերից, կորոնավիրուսով պայմանավորված բոլոր սահմանափակումներից, հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու և այս ամենին վերջ դնելու միակ տարբերակը պատվաստվելն է, և առողջ ու ազատ ապրելը։ Անդրադառնալով պատվաստումներից հետո առողջության խնդիրներին` հոգեբանը նշեց, որ ոչ ոք Աստված չէ և չգիտի թե անգամ առանց պատվաստման ինչ կլինի մարդու հետ։
Թեմայի շուրջ մենք զրույց ունեցանք նաև Իմունիզացիայի գծով Փորձագետների ազգային տեխնիկական խորհրդատվական խմբի ղեկավար, պրոֆեսոր, Իաշվիլիի մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեի հետ, փորձագետի պնդմամբ` կորոնավիրուսը հաղթահարելու միակ տարբերակը պատվաստվելն է, իսկ թե ինչու չեն պատվաստվում բնակիչները, փորձագետը դրա պատճառը համարում է ապատեղեկատվությունը։ Բացի այդ նա նշում է, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն է, ուստի դրան վերջ դնելու տարբերակը պատվաստանյութն է որը առկա է Վրաստանում։
Մանրամասները՝ ռադիոծրագրում.