Մայիսի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ ԱԺ աշխատակազմի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերով կազմակերպվել է Գինեսի գրքի աշխարհահռչակ հայազգի վեցակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանի հերթական ռեկորդ սահմանելու ցուցադրությունը՝ նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին: Միջոցառմանը օրհնության խոսքով հանդես է եկել Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:
«Ոգին է ծնում անհատին և ազգը: Տա Աստված, որ այն ոգին, որը ունեցել ենք 1992-1994թթ., նորից արթնանա մեր մեջ, և անհնարինը դառնա հնարավոր: Եվ մեր նվիրյալների օրինակով դաստիարակվեն գալիք սերունդները»,- նշել է նա:
Արցախպրեսի հետ զրույցում 35 ամենագնաց մեքենաներ միանգամից տեղաշարժելով նոր ռեկորդ սահմանած մարզիկ Աշոտ Խանոյանն ասել է, որ ինքն առնաձնապես հպարտ է, որ հենց Արցախում՝ Ստեփանակերտում է նշանավորում իր համար կարևոր այս իրադարձությունը. «Իմ երազանքն իրականություն է, քանի որ արցախցիներին տեսնում եմ ժպիտով, միաբան և աղոթքով: Մենք ծնկի եկողը չենք: Եվ հենց դրա համար այսօրվա նվաճումս նվիրում եմ 44-օրյա պատերազմի նահատակների անմար հիշատակին և խոնարհվում բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր հիմա կանգնած են առաջնագծում»,- նշել է ռեկորդակիրը: Աշոտ Խանոյանի նախնիները գաղթել են պատմական Կարինի Էրզրում քաղաքից, և բնակություն են հաստատել Ջավախքում Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում : Ջավախքեցի մեր հայրենակիցը, պարբերաբար հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում, վեց անգամ սահմանելով նորովի ռեկորդներ՝ այսօր ապրում է և Ռուսաստանի Դաշնությունում: Առանձնահատուկ ուժի տեր հայորդին կարողանում է ատամներով տեղաշարժել և քաշել քսաներկու ամենագնաց ավտոմեքենաներ՝ ուղևորներով հանդերձ: Աշոտի մոտ յուրատեսակ առանձնահատկությունն ի հայտ է եկել դեռևս դպրոցական տարիքից, երբ նա ատամներով փորձել և բարձրացրել է դպրոցական նստարանը, այնուհետև նա իր ատամների ամրությամբ և բարձր կամքի շնորհիվ բարձրացրել է տարբեր ծանրության իրեր: Այժմ արդեն Աշոտ Խանոյանը լայնամասշտաբ ճանաչում ունի ոչ միայն իր ծննդավայր ջավախքում, այլև՝ ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հայաստանում և, իհարկե՝ Արցախում: 2012 թվականից Աշոտ Խանոյանը սկսել է ռեկորդներ սահմանել և այդ ռեկորդները նվիրել է իր ծննդավայր Ջավախքին, Ռուսաստանի Դաշնության Կրիմսկ քաղաքին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին,Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մեր հերոս տղաներին: