ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանային հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը։ Առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈւ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանագծից։ Այսինքն՝ սահմանի մասին կա պատկերացում որոշակի կիլոմետրերի տարբերություն՝ 1,2,3։ Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից ընդհանրապես ԶՈւ ստորաբաժանումները հեռանան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»,- հայտարարեց Փաշինյանը։
Խոսքը Գեղարքունիքի մարզի Սոթք և Սյունիքի մարզի Խոզնավար համայնքների հատվածի մասին է, որտեղ սահմանային լարվածություն է առաջացել։
Նրա խոսքով՝ միջազգային դիտորդների ներկայությունը անհրաժեշտ է, որ կողմերը համոզված լինեն, որ պայմանավորվածությունը պահպանվում է, այսինքն՝ զորքեր չեն մոտեցնելու սահմանագծին։
Փաշինյանը շեշտում է՝ եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշտման հարցում, ապա իր առաջարկած «պլանը» մերժելու պատճառներ չպետք է ունենա։
Ասում է՝ իր բարձրաձայնած պլանը կարելի է ընդունել որպես պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և Ադրբեջանին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ եթե իր առաջարկած ճանապարհով չընթանանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից։