«Հարգելի Խանում».
Վաստակաշատ մանկավարժին Սաթխայում բոլորն այսպես են ճանաչում և «հարգելի» բառը յուրաքանչյուր ոք արտահայտում է ընկալելով այդ բառի բուն իմասնտն ու էությունը:
Խանում Անդրանիկի Մուրադյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ.Արագյալ գյուղում, 1941թվականին։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սաթխա գյուղում: Այնուհետև բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Ամուսնացել է Սաթխա գյուղում՝ Արտյուշ Սանոսյանի հետ, կազմել օրինակելի ընտանիք և նրանց համերաշխ ընտանիքում ծնվել ու հասակ են առել երկու որդին և երեք դուստրերը, ովքեր հետևելով ծնողների օրինակին, կազմել են գեղեցիկ ընտանիքներ:
Խանում Մուրադյանը 50 տարի դասավանդել է Սաթխայի միջնակարգ դպրոցում, երկար տարիներ վարել է տնօրենի պաշտոնը՝ կրթելով ու դաստիարակելով սերունդներ, որոնցից շատերն են հասել մեծ բարձունքների և երախտապարտ են սիրելի ուսուցչուհուն թե կրթության, թե դաստիարակության և թե մայրական վերաբերմունքի համար :
Իր դասավանդած տարիների ընթացքում, ըստ Խանում Մուրադյանի, ավելի քան 600-650 աշակերտ է սովորել Սաթխայի դպրոցում: Երկար տարիներ լինելով աշխատակազմի ղեկավար՝ Խանում Մուրադյանը սրտացավ և արդյունավետ կերպով կարողացել է իրագործել այդ բարդ աշխատանքը և մարդկային բարձր որակների շնորհիվ արժանիորեն վաստակել է շատերի հարգանքն ու սերը:
Եվ այսօր վաստակաշատ մանկավարժը, հոգատար մայրը և ի վերջո մեծատառով ՄԱՐԴԸ տոնում է ծննդյան ութսուն ամյակը:
Ծնունդդ շնորհավոր Հարգելի Խանում, Ձեզ քաջ առողջություն, երկար տարիների կյանք և հոգու անսպառ կորով…