Վրաստանի քաղաքացիությունը պահպանել կամ վերականգնել հնարավոր է մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը. նախորդ շաբաթ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները:
Մինչև 2022 թվականը քաղաքացիության հարցերը կարող են լուծել նաև բոլոր նրանք, որոնք ծնվել են մինչև 1993 թվականը և այդպես էլ ոչ մի երկրի քաղաքացիություն չեն ստացել:
2020 թվականին քաղաքացիությունը պահպանելու կամ վերականգնելու խնդրանքով Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալություն է դիմել 7 123 քաղաքացի:
Վրաստանի քաղաքացիությունը հնարավոր է պահպանել, եթե անձը պետությունից համաձայնություն կստանա` պահպանել Վրաստանի քաղաքացիությունը` մինչև այլ երկրի քաղաքացիություն ստանալը:
Եթե անձն արդեն հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, բայց Վրաստանի քաղաքացիության կարգավիճակը դեռ չի դադարեցվել, հնարավորություն ունի մինչև 2022-ի դեկտեմբեր դիմում ներկայացնել` քաղաքացիությունը պահպանելու համար:
Վրաստանի քաղաքացիությունը կվերակագնվի, եթե անձը կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը`այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով և մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը դիմի` քաղաքացիության ժամանակավոր վերականգման համար: Այդ դեպքում անձը վրացերենով համապատասխան թեստ է անցնում:
Ըստ կարգի` հնարավոր է նաև անչափահասի քաղաքացիությունը վերականգնել, եթե ծնողը վերականգնել է Վրաստանի քաղաքացիությունը:
Հատուկ կարգով քաղաքացիություն է շնորհվում, եթե անձը ծնվել է Վրաստանում, բայց Վրաստանի քաղաքացիություն չի տրվել, այս դեպքում դիմողը վրացերենով լեզվի, պատմության և իրավունքի հիմունքների քննություն է հանձնում:
Քաղաքացիություն է շնորհվում այն դեպքում, երբ անձը ծնվել է 1975 թվականի մարտի 31-ը և 1993-ի մարտի 31-ի դրությամբ նվազագույնը 5 տարի ապրել է Վրաստանում, չի ստացել այլ երկրի քաղաքացիություն: aliq.ge