Ծովում լողալիս անհրաժեշտ չէ դիմակ կրել, ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը մշակում է բաց տարածություններում դիմակներ կրելու ուղեցույցներ, ասել է նա:
«Եթե դուք գտնվում եք գյուղում, անտառում և մենակ եք, ոչ ոք ձեզանից չի պահանջի դիմակ դնել, բայց եթե գտնվում եք մի վայրում, որտեղ շատ մարդիկ կան, ապա, իհարկե, այնտեղ դիմակ պետք է։ Ծովում, եթե լողում եք, ոչ ոք ձեզանից չի պահանջի դիմակ կրել, բայց եթե քայլում եք Բաթումի բուլվարով կամ Քոբուլեթիի ափամերձ հատվածով, որտեղ ձեր կողքին շատ մարդիկ կան, դուք, իհարկե, պետք է դիմակ կրեք», – ասել է Գամկրելիձեն:
Համաճարակաբանները ինչպես Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին հորդորում են պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված կանոնները:
Աջարիայում տուրիստական սեզոնը պաշտոնապես կբացվի հունիսի 15-ին: Սևծովյան տարածաշրջանը պատրաստվում է ընդունել մեծ թվով զբոսաշրջիկների և հանգստացողների:
Վրաստանը հաղթահարել է կորոնավիրուսի երրորդ ալիքի գագաթնակետը, բայց դեռ ամբողջությամբ չի անցել այն:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1233 նոր դեպք: Համաճարակի սկզբից Վրաստանում արձանագրվել է վարակի ավելի քան 345 հազար դեպք, վերականգնվել է ավելի քան 328 հազարը, մահացել է 4 804 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: