Անօրինական կերպով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 20-ամյա մի կին, հայտնում է ՆԳՆ-ն։
Հետաքննության տվյալներով՝ հետագա իրացման նպատակով ձերբակալված կինը թմրամիջոցներն ստացել է Հայաստանից:
Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում:
Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն և «Ալֆա-ՊՎՊ»-ի մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույցներ:
Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի, դրանց համարժեք նյութերի, նախորդողների կամ նոր հոգեմետ նյութերի անօրինական պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում է մինչև վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»։