ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր Ազգային ժողովում «իդիոտկա» անվանեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որն իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը` պարկերում ու նկուղում հայտնված զինվորականների դիերի դեպքի վերաբերյալ։
Նրա ելույթից հետո Նազարյանը ցածրաձայն ասաց` «իդիոտկա», բայց քանի որ խոսափողը միացված էր, նրա ասածը լսվեց դահլիճում։
Իր հաջորդ ելույթում Թովմասյանը պահանջեց, որ Նազարյանը հրապարակավ ներողություն խնդրի։
«Հայաստանում դիակներ են պղծվել, ու դուք փոխարենը ամաչեք, վատ զգաք ձեզ, վիրավորում եք քննադատության համար», – ասաց նա։
Լենա Նազարյանն էլ արձագանքեց, որ եթե չի խոսում իր զգացմունքներից, չի նշանակում, որ ոչինչ չի զգում։
«Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք», – ասաց նա և ներողություն չխնդրեց։
Թագուհի Թովմասյանը ԱԺ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Լենա Նազարյանից ներողություն է պահանջում։
«Նա պետք է ներողություն խնդրի։ Եթե ներողություն չխնդրի, չեմ նախանձելու նրան ուղղակի։ Եվ դուք բոլորդ կտեսնեք»,– ասաց նա։
Թովմասյանը նաև հայտարարեց, որ իշխանությունը լկտիացել է ու չի գիտակցում, թե ինչ աղետի է հասցրել երկիրը։ Լենա Նազարյանի պահվածքն էլ պատգամավորը դիտարկում է հենց այդ տիրույթում` որպես իշխանության լկտիության հերթական դրսևորում։
Հիշեցնենք` հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։