Անչափահասներն ինձ հետ մանրամասն խոսեցին Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում անցկացրած տարիների մասին, հիշեցին ֆիզիկական պատժի և հոգեբանական բռնության փաստերը, – այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի ժողովրդական պաշտպան, Նինո Լոմջարիան:
«Այսօր ես հանդիպեցի Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի վեց երեխաների հետ, ովքեր կամավոր տեղափոխվեցին այլընտրանքային խնամքի: Բոլորն էլ գտնվում են հանգիստ և անվտանգ միջավայրում, անխափան օժանդակ ծառայություններով: Երեխաների խոսքով, իրենք իրենց լավ են զգում և չեն դժվարանում ընտելանալ նոր միջավայրին և այլ երեխաներին:
Անչափահասները ինձ հետ մանրամասն խոսեցին Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում անցկացրած տարիների մասին: Նրանք հիշեցին ֆիզիկական պատժի և հոգեբանական բռնության փաստերը, որոնք, նրանց խոսքով, տեղի են ունեցել հիմնականում իրենց մանկության տարիներին:
Այս փուլում հատկապես կարևոր է նախ մանրակրկիտ գնահատել կենսաբանական ընտանիքի բոլոր երեխաների կարգավիճակը, ծրագրել նրանց հնարավոր վերադարձը ընտանիք և քայլեր ձեռնարկել ընտանիքների ամրապնդման համար:
Երեխաների հետ հարցազրույցը ինձ համոզեց, որ Նինոծմինդայի մանկատանը բնակվող բոլոր անչափահասները պետք է լքեն այդ տեղը, ելնելով նրանց լավագույն շահերից, և որ պետությունը պետք է ստեղծի նրանց համար արժանապատիվ միջավայր, հարմարեցված նրանց կարիքներին և հետաքրքրություններին, ընտանիքներում կամ պետական ընտանեկան խնամքի հաստատություններում:
Մենք կշարունակենք վերահսկել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից դուրս բերված երեխաների վիճակը և կարիքները, ինչպես նաև կուսումնասիրենք բոլոր երեխաների իրավական վիճակը, ովքեր դեռ գիշերօթիկում են», – գրել է Նինո Լոմջարիան «Ֆեյսբուքում»: