Հունիսի 15-ին առաջին գնացքը կմեկնի Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ:
Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:
Ինչպես նշել է Նաթիա Թուրնավան, ցամաքային սահմանների բացումից անցել է մեկ շաբաթ, և նախնական արդյունքներն արդեն տեսանելի են:
«Սահմանային անցումների առումով մեր հարևան տարածաշրջանից զբոսաշրջային հոսքերն ավելացել են: Վերականգնվեց երկաթուղային ուղևորափոխադրումը Հայաստանի և Վրաստանի միջև: Հունիսի 15-ին առաջին գնացքը կմեկնի Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ: Սա նշանակում է, որ մեր դաշնակից և հարևան պետությունների զբոսաշրջիկները ավանդաբար ժամանում են, այցելում են Վրաստան, Սև ծովի մեր հանգստավայրեր, մայրաքաղաք, զբոսաշրջային այլ ուղղություններ: Անխափան տեղաշարժ կա նաև Թուրքիայի Հանրապետության հետ ցամաքային սահմանում, որտեղից գալիս են այցելուներ: Այցելում են Աջարիա, այցելում են Թբիլիսի և այլ շրջաններ: Ուկրաինայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Նրանք կարող են մեզ այցելել ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ լաստանավերով Սև ծովով: Ադրբեջանի հետ, ինչպես գիտենք, աշխատանքներ են տարվում իրենց քաղաքացիներին Վրաստանում ընդունելու ուղղությամբ: Մենք մեծ հույս ունենք, որ այս որոշումը չի հետաձգվի, և մենք հնարավորություն կունենանք Վրաստանում հյուրընկալել մեր ադրբեջանցի ընկերներին, զբոսաշրջիկներին», – ասել է Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով Վրաստանի շուկա են մտնում նոր ավիաընկերություններ: