Թբիլիսիում անցկացվեց տոլմայի 4-րդ փառատոնը

Թբիլիսիում անցկացվեց տոլմայի 4-րդ փառատոնը

Մսով, ձավարով, խաղողի թփով, լոլիկով, բիբարով և այլ բանջարեղեններով Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հուլիսի 10-ին կարելի էր համտեսել տոլմայի հայտնի գրեթե բոլոր տարբերակները:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն` Սբ. Էջմիածին եկեղեցու բակում այս տարի ևս նշվեց Տոլմայի փառատոնը: Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանի «Շուշանիկ» հայ կանանց միությունը, Վիրահայոց թեմի առաջնորդարանը և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ:

Փառատոնին տարատեսակ տոլմաներով ներկայացել էին ավելի քան 30 կազմակերպություններ եւ անհատներ: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարվա տոլմայի փառատոնին մասնակցում էին նաև ռեստորաններ, և համայնքային կազմակերպություններ:

Փառատոնը նաև իր մեջ մրցույթի էլեմենտ էր պարունակում: Տոլմայի համային հատկանիշները, տեսքն ու մատուցման ձևը գնահատում էին Երևանից հատուկ հրավիրված վաստակավոր խոհարարներ: Ժյուրիի կողմից ողջունվում էր սեփական երևակայությամբ և նորամուծությամբ պատրաստված տոլման: Առաջին երեք մրցանակային տեղերը նվերներ ստացան: Օրվա խորհրդի և միջոցառման առանձնահատկությունների մասին խոսեց Վրաստանի «Շուշանիկ» հայ կանանց միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նրա խոսքերով` փառատոնը նաև հայապահպանության նպատակ է հետապնդում. «Այս կերակրատեսակը բավականին լայն տարածում ունի Բալկանյան թերակղզու երկրներում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և իհարկե Հարավային Կովկասում: Իհարկե հայերը չեն կասկածում տոլմայի հայկական ծագման մեջ: Այդ մասին վկայում է նաև Օքսֆորդի համալսարանի կերակրատեսակների ուղեցույցը: Ադրբեջանցիները, իրենց հերթին, մեղադրում են հայերին իրենց ազգայն կերակրատեսակի ապօրինաբար սեփականացնելու մեջ: Որոշներն ասում են, թե կերակրատեսակը նրանն է, ով այն համեղ է պատրաստում: Էջմիածնի բակում վատ պատրաստված տոլմա գոյություն չուներ, այդ մասին վկայում էր նաև ժուրին»:

Մասնակիցների թվում կարելի էր հանդիպել նաև ազգությամբ վրացիների: Խոհարար Մամուկա Պապիաշվիլին, ով ներկայացնում էր վրացական Կալանդա ռեստորանը, մեզ հետ զրույցում նշեց, որ հայ-վրացական եղբայրական ժողովուրդների խոհանոցների միջև էական տարբերություն չի նկատվում: «Շատ լավ մտահղացում է: Բոլորը շատ ոգեւորված են և հետաքրքրված:Ունեն համապատասխան գիտելիքներ ևս, ինչն այս ամենը հաճելի է դարձնում բոլորի համար: Վրացիները և հայերը եղբայրներ են,չկա ոչ մի էական տարբերություն տոլմայի և առհասարակ խոհանոցների միջև: Կարելի է ասել, որ մեր խոհանոցները միմյանցից միայն համեմունքներով են տարբերվում»:Միջոցառմանը ներկա էր նաև գրող, բանաստեղծուհի, թարգմանիչ և հրապարակախոս Անահիտ Բոստանջյանը, ով փառատոնին ներկայանում էր, որպես Վրաստան թերթի աշխատակից:

Տոլմայի փառատոնին մասնակցելու նպատակով Վանաձորից Թբիլիսի էր ժամանել Հայաստանի գրողների միության անդամ Ռուզան Հովասափյանը: Խորհրդանշական լինելուց զատ, Տոլմայի փառատոնը հնարավորություն էր տվել համտեսել ուտեստը հատկապես այն մարդկանց, որոնք շատ ցանկանալով հանդերձ, հաճախակի չէ, որ կարողանում են այն իրենց թույլ տալ:
Ողջ փառատոնի ընթացքում տոլմայասեր հանրությանը երգ ու պարով էին զբաղեցնում «Հայարտուն» կենտրոնի սաները և իհարկե հատուկ հյուր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ծագումով Թբիլիսիից` Լեյլա Սարիբեկյանը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting