Ինչ են պատմում վաչիանցիները սպանված ընտանիքի մասին

Ինչ են պատմում վաչիանցիները սպանված ընտանիքի մասին

Վաչիանցիները պատմում են, որ Քաչոտյանների սպանված ընտանիքը գյուղի օրինակելի ընտանիքներից է եղել և թշնամի չի ունեցել, գյուղացիները առաջարկում են ոճրագործության հեղինակներին հրապարակայնորեն պատժել:

Վաչիան գյուղում սգում են Քաչոտյանների ընտանիքի ողբերգությունը: Հուլիսի 9-ի գիշեր լույս 10-ին կատարված ողբերգությունը ցնցել է մարդկանց: Գյուղացիները մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից:

Դաժանաբար սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին առաջինը գտել են սպանված տանտիրուհու ծնողները, որոնք հարևանությամբ են ապրում:

«Եկել են ջուր տանելու, տեսել են լուսամուտը ջարդած է, տունն էլ սև ծխի մեջ կորած: Մեծ աղջիկը գերազանցիկ էր, այս տարի էր դպրոցն ավարտել, փոքր աղջիկը 8-րդ դասարանում էր սովորում, իսկ տղան մանկապարտեզ էր գնում: Խելոք, համեստ ընտանիք էր, ոչ թշնամի ունեին, ոչ էլ բան», – պատմեց գյուղացիներից մեկը:

«Շատ նորմալ, սովորական շնորքով ընտանիք էին, մարդը խոպանչի է, գնում աշխատում գալիս է, ոչ շատ ունևոր են եղել, ոչ էլ չկայությամբ ապրող: Դեպքը եղել է գիշերը: Երեկոյան հարևանների հետ սուրճ են խմել», – պատմեց գյուղացիներից մեկը:

«Մենք սկզբից գիտեինք, թե գազով են խեղդվել: Երեկ իրիկունը ասացին, որ սպանություն է: Ներս մտնողները պատմում են, որ տունը իրարանցած է եղել: Տան կանանց փալասներով փաթաթել վառել են, փոքր երեխային ևս տանջել են, թևերը ջարդված է եղել: Մենք գիտեինք թուրքերն են արել, բայց արի ու տես գողության պատճառով ընտանիք է մորթել», – պատմեց մեկ այլ գյուղացի:

Սպանության կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի հոգի: Ոստիկանության հրապարակած տեղեկատվության համաձայն սպանությունը կատարել է նույն գյուղի բնակիչ՝ 1992 թվականին ծնված Նոդար Ակոպովը: Ոճրագործության պատճառը գողությունն է եղել: Հետքերը թաքցնելու համար հանցագործը կոտրել է գողացած հեռախոսներից մեկը, իսկ մեկը հայտնաբերվել է ոստիկանների կողմից:

Գյուղացիների խոսքերով սպանություն կատարողը հավանաբար սթափ վիճակում չի եղել: Սպանությունը կատարած Նոդար Ակոպովի մայրը ամուսնացած է եղել Բորժոմիում, սակայն բաժանվել է և վերադարձել գյուղ: Նոդարը մեծացել է առանց հայր:

«Չգիտես ինչ բառ ասես, որ սիրտդ հանգստանա, վիժվածք է, անասուն, ամբողջ օրը խմած-ուռած, ուրիշ ինչ սպասել նման մարդկանցից», – ասաց գյուղացիներից մեկը:

Վաչիանում մարդիկ վախեցած են: Մենք հանդիպեցինք սպանված 5-ամյա երեխայի մանկապարտեզի ընկերոջը, ով գիշերը վախից չի քնել, վերջինս պատմում է. «Ես իրեն հետ խաղում էի, ընկերներ էինք, հիմի ու՞մ հետ խաղամ»:

Ընտանիքի հայրը գտնվում էր Ռուսաստանում, նա ճանապարհին է, վերադառնում է, վերջինիս ասել են, որ հայրն է մահացել: Գյուղացիների խոսքերով Վ. Քաչոտյանը գիշերը կհասնի գյուղ:

www.jnews.ge



Opinion, pooling and voting