Լուսանկարը՝ արխիվից
Լայնածավալ հատուկ գործողության արդյունքում ՆԳՆ-ն բերման է ենթարկել «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 13 մարդու, իսկ մեկ «օրենքով գողի» հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտարարել է Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Մամուկա Ճելիձեն:
ՆԳՆ Քրեական ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ Գլխավոր դատախազության հետ համատեղ, քննչական և օպերատիվ բարդ միջոցառումների արդյունքում 13 մարդու են բերման ենթարկել՝ Թբիլիսիում, Թելավիում և Քութայիսիում:
Ձերբակալվել են՝ 1978 թվականին ծնված Վ. Գ.-ն (մականունը՝ «Վիտո»), 1976 թվականին ծնված Ջ.Խ.-ն (մականունը՝ «Ջեկո») 1983 թ.-ին ծնված Ռ. Գ.-ն (մականունը՝ «Պուպուշա»), 1974 թ.-ին ծնված Գ. Ռ.-ն (մականունը՝ «Խոնսկի»), 1987 թ.-ին ծնված Ռ. Դ.-ն (մականունը՝ «Բաչո»), 1995 թվականին ծնված Ա.Լ.-ն, 1992 թվականին ծնված Շ.-ն, 1973 թվականին ծնված Գ.Մ.-ն (մականունը՝ «Գիբբոն»), 1978 թվականին ծնված Գ.Դ., 1975 թվականին ծնված Ի.Չ.-ն, 1966 թվականին ծնված Մ. Կ.-ն (մականունը՝ «Տկղվլիպե»), 1978 թվականին ծնված Գ. Մ.-ն, 1996 ծնված Մ. Մ.-ին, (մականունը՝ «ՄԵՄԻ»)։ Վերոնշյալ անձինք ձերբակալվել են «գողական աշխարհին» անդամակցելու, «գողական աշխարհի» անդամին դիմելու և գողական աշխարհի գործունեությանը սատարելու մեղադրանքով:
Հանցագործություններն ենթադրում են 7-ից 10 տարի ժամկետով ազատազրկում:
Օրենքով գող Զաալ Մախարոբլիձեն (մականունը՝ «Գլեխովիչ»), որը գտնվում է արտերկրում, հեռակա մեղադրանք է առաջադրվել, որը նախատեսում է ազատազրկում 9-ից 15 տարի ժամկետով:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալներից մեկը ֆինանսական վեճ է ունեցել բիզնես գործընկերոջ հետ բիզնես գործունեության ընթացքում՝ եկամտի կողմնակալ բաշխման առումով:
Վիճող կողմերը, իրենց միջև տարաձայնության պատճառով, վեճը լուծելու համար դիմել են «գողական աշխարհին», որից հետո օրենքով գող Զ.Մ.-ն հաշիվ մաքրելու կազմակերպումը հանձնարարել է իր որդուն` Մ.Մ.-ին
Վերջինս՝ 2021 թ. ապրիլի 16-ին, Թբիլիսիում, բնակելի շենքերից մեկում, կազմակերպել է հաշիվ մաքրելու պրոցեսը՝ գողական կանոնների համաձայն, արդյունքում՝ վիճող կողմերից մեկին` հօգուտ մյուս կողմի, պարտավորեցրել են վճարել 80 000 լարի:
Իրավապահները, դատավորի որոշման հիմա վրա կատարված խուզարկության արդյունքում, որպես իրեղեն ապացույց, առգրավել են մեղադրյալների համակարգչային սարքավորումներն ու բջջային հեռախոսները, որոնց օգնությամբ նրանք կապ են հաստատել միմյանց և արտերկրում բնակվող վրացի «օրենքով գողի» հետ:
Բացի այդ, դատավորի որոշման հիման վրա, ոստիկանությունը որպես ապացույց բռնագրավել է չորս մեքենա և զինամթերք:
Հետաքննությունն իրականացվում է «գողական աշխարհին» անդամակցելու, «օրենքով գողի» դիրքում անձի գտնվելու, «գողական աշխարհի» անդամին դիմելու և նրանց գործունեությանն օժանդակելու առթիվ՝ Վրաստանի ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Վրաստանի ՔՕ 223-րդ պրիմ հոդվածի առաջին մասի և ՔՕ 223-րդ պրիմ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն», – հայտնում են ՆԳ նախարարությունից: