Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ կտան չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի կանանց ապրել միայնակ առանց մտերիմ ազգական տղամարդկանց համաձայնության, որոնք սովորաբար նրանց խնամակալներն են՝ ըստ իսլամական օրենսդրության, հաղորդում է MEM-ը:
Թագավորության ծայրահեղ պահպանողական դատական մարմինները չեղարկել են շարիաթի դատարանների դատական օրենսգրքի 169-րդ հոդվածի կետը: Փոփոխությունը թույլ կտա միայնակ կանանց առանձին ապրել: «Չափահաս կինն իրավունք ունի ընտրելու՝ որտեղ ապրել»,-ասված է փաստաթղթում:
«Կնոջ խնամակալը կարող է հայտնել նրա մասին միայն այն դեպքում, եթե ունի ապացույցներ, որ նա կատարել է հանցագործություն»:
Դեռ ավելին, եթե կինն ազատազրկված է, նա չի փոխանցվի իր խնամակալին պատիժը կրելուց հետո: Փաստաբան Նաիֆ Ալ Մանսիի խոսքով՝ ընտանիքներն այլեւս չեն կարողանա հայց ներկայացնել ընդդեմ իրենց դուստրերի, որոնք նախընտրում են միայնակ ապրել»:
Ավելի վաղ այս տարի Սաուդյան Արաբիան թույլ է տվել 18 տարին լրացած կանանց փոխել իրենց անունն անձը հաստատող փաստաթղթում առանց խնամակալի համաձայնության: Իշխանությունները նաեւ չեղարկել են սաուդցի կանանց համար ուղեւորությունների սահմանափակումները, երբ 21 տարին լրացած կանանց թույլատրվում է դիմում ներկայացնել անձնագիր ստանալու եւ ազատ տեղաշարժման համար:
Սաուդցի կանանց նաեւ թույլատրել են մեքենա վարել:
Այդ իրավական փոփոխությունները թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի «2030 հեռանկարներ» նախաձեռնության մասն են կազմում, որն ուղղված է տնտեսության դիվերսիֆիկացմանն ու Թագավորությունը «դեպի առավել չափավոր իսլամն» ուղղելը: